Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկուշաբթի՝ նոյեմբերի 14-ին, ասել է, որ Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի դաշինքը «վիճահարույց իրավիճակում» է հայտնվել կիրակի՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ 6 մարդ զոհվեց, գրում է Reuters-ը:
Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և Սիրիայում քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) զինյալները պատասխանատու են կիրակի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի համար: Ոստիկանությունը ձերբակալել է 47 քաղաքացու, այդ թվում՝ սիրիացի մի կնոջ, որը կասկածվում է ռումբը տեղադրելու համար:
Սոյլուն ասել է, որ ահաբեկչության հրամանը տրվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում, որտեղ թուրքական ուժերը վերջին տարիներին գործողություններ են իրականացրել YPG-ի դեմ։ Անկարան ասում է, որ YPG-ն PKK-ի թևն է, իսկ ԱՄՆ-ն աջակցել է YPG-ին Սիրիայի հակամարտությունում՝ առաջացնելով հակասություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև:
«Մենք մերժում ենք ամերիկյան դեսպանատան ցավակցությունը, մենք դա չենք ընդունում»,- լրագրողներին ասել է Սոյլուն։
«Մեր դաշինքը մի պետության հետ, որն իր Սենատից փող է ուղարկում այդ խմբերին, սնելով Քոբանիի ահաբեկչական գոտիները, որի նպատակն է խախտել Թուրքիայի խաղաղությունը, վիճահարույց է»,- ավելացրել է նա:
Ահաբեկչության կասկածանքով Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ահլամ Ալբաշիր անունով կնոջ, որը Սիրիայի քաղաքացի է: Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ իրեն վարժեցրել են քուրդ զինյալները, և ինքը Թուրքիա է մտել Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքով։
Ստամբուլի բռնարարքը Թուրքիայի ներկա իշխանության մոտ մտավախություն է առաջացրել, որ նման միջադեպեր ավելի շատ կարող են տեղի ունենալ 2023 թվականի հունիսին նշանակված ընտրություններից առաջ: Ըստ հարցումների՝ նախագահ Թայիփ Էրդողանը կարող է կորցնել երկու տասնամյակ շարունակվող իր իշխանությունը: