Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նշելով, որ Թեհրանը, աներկբա, ողջունում է դիվանագիտական երկխոսությունները, ինչը Իրանի առաջնահերթություններից է։
Քանանին, ի պատասխան Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև այդ երկրի որոշ լրատվամիջոցների՝ Իրանի դեմ վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին, նշել է․
«Ինչպես գիտեք, անցած շաբաթ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, և նրան է ներկայացվել Իրանի խիստ բողոքը։ Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ բարիդրացիության ու համագործակցության ընդլայնման վրա, և Ադրբեջանն այս հարցում բացառություն չէ։ Բայց ոչ ոք իրավունք չունի սխալ ընկալելու Իրանի այս քաղաքականությունը։ Մեր վարքագիծն այսպիսի «աննշան քամիներից» զգացմունքային չի դառնում, ուստի Իրանի լռությունն ու համբերությունը ոչ ոք չպետք է մեկնաբանի որպես երկրի թուլություն։ Հարևանների հետ մեր քաղաքականությունը հիմնված է հարևանության ամրապնդման վրա, ուստի լրատվամիջոցների թիկունքին դիրքորոշումներ ու բողոքներ հայտնելն անօգուտ է»։