Պարտադիր զինծառայություն անցնողների համար նախատեսվում է ներդնել պայմանագրային զինծառայության անցնելու նոր համակարգ: Պաշտպանության նախարարությունը մշակել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն է նախատեսում:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Հինգ տարի տվյալ զինծառայողն ամբողջությամբ օգտվում է բոլոր այն հնարավորություններից, որն ունեն պայմանագրային զինծառայողները, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում՝ ժամը 3-ից հետո վերադառնում է տուն, զբաղվում է իր առօրյայով, առավոտյան գալիս է աշխատանքի և այդպես շարունակ: Այսինքն՝ կախված է դա՝ որտեղ է ծառայում, ինչ հանձնարարություն է կատարում:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սուրեն Պապիկյանը հայտնեց՝ պայմանագրի ժամկետը լրանալու կամ, առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով, ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս զինծառայողների համար կսահմանվի 5 միլիոն դրամ պատվովճար: Պայմանագիր կնքած զինվորները կարող են նաև ատեստավորվել, դրական արդյունքի դեպքում՝ հավելավճար ստանալով:
Սուրեն Պապիկյան - Պայմանագրի գործողության ընթացքում, պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում, պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմամբ կդադարեցվի «Ես եմ» ծրագիրը:
Սուրեն Պապիկյան - Որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ 44-օրյա պատերազմում զոհված «Ես եմ» ծրագրի մասնակից զինծառայողների ընտանիքներին ևս ազատ տնօրինման իրավունքով կտրամադրվի 5 մլն դրամ պատվովճարը:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կմտնի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան