Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հետ վերամիավորման և խնամքի հաստատություններում հայտնվելու ռիսկի կանխարգելման ուղղությամբ։
Հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ 2022 թվականի ընթացքում կանխարգելվել է 135 երեխայի՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվելու ռիսկը։
«ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» և «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրերի շրջանակում իրականացվել է երեխաների կարիքների խորքային գնահատում, վերամիավորված երեխաների ընտանիքների հզորացման ծրագրի մշակում և այլն։
Սոցիալական աշխատանք է տարվել ընտանիքի, համայնքի, շահեկից կառույցների հետ, տրամադրվել առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատվական աջակցություն։
«Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրի շրջանակում 27 ընտանիքի տրամադրվել է նաև բնաիրային օգնության փաթեթ, հագուստ, գրենական պիտույքներ և դասագրքեր, փոխհատուցվել է նաև էներգետիկ ծառայությունների վճարը։