Մեկհարկանի շինությունը 19-րդ դարի կառույց է եղել, սեփականատերը՝ Սոֆի Մելիք-Օհանջանյանը: 1997 թվականին «Աստղիկ-1» կոոպերատիվը շենքը որպես սեփականություն գրանցելուց հետո վերակառուցել է՝ հարկեր ավելացրել: Ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Գռզո պլազայի», բայց առավել հայտնի է «Սիլ պլազա» անվամբ, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին: 25 տարի անց դատախազությունը վիճարկում է սեփականաշնորհման օրինականությունը։
Սոնա Հովսեփյան (Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ)- Արամի 3 և 5 հասցեների վերաբերյալ 1998 թվականի հունվարի 22-ին «Աստղիկ-1» կոոպերատիվին տրվել է սեփականության իրավունքի վկայական, հիմքում դրվել է Երքաղխորհրդի գործկոմի 1995 թվականի 47/34 որոշումը:
Դատախազությունն ուսումնասիրել է այդ որոշումն ու տեսել, որ Երևանի քաղաքային գործկոմը տարածքը կոոպերատիվին տրամադրել է ոչ թե սեփականության իրավունքով, այլ՝ օգտագործման, իսկ օգտագործվելու էր որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն:
Սոնա Հովսեփյան - Ինչը չի եղել, ավելին՝ կադաստրային գործերի ուսումնասիրությունից երևում է, որ նշված տարածքները շատ շուտվանից սեփականության իրավունքը գրանցելուց հետո «Աստղիկ-1» կոոպերատիվը օգտագործել է բիզնես նպատակներով, տարածքներ են տրվել վարձով բանկերին, տարբեր առևտրային կազմակերպություններին:
Սեփականության իրավունքի փոխանցման գրանցումն արել է Կադաստրի կոմիտեն՝ Հովսեփյանի խոսքով՝ առանց հիմքի: Ինչպես շենքը, այնպես էլ դրա հողամասը երբևէ չեն օտարվել կոոպերատիվին, դատախազի պնդմամբ՝ սեփականության իրավունքի փոխանցումը կարող էր լինել միայն օտարման գործարքների միջոցով:
Սոնա Հովսեփյան - Իրականում Երքաղխորհրդի գործկոմը, որը եղել է այդ գույքի սեփականատերը, քանի որ գույքը եղել է պետական, ընդամենը մշտական օգտագործման իրավունքով հողամասը և շինությունները տրամադրել է «Աստղիկ-1» կոոպերատիվին: Հետագայում արդեն՝ 2005 թվականին Հողային օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում, «Աստղիկ-1» կոոպերատիվը արդեն դարձել է ոչ միայն շենքերի և շինությունների սեփականատերը, այլ նաև հողամասի սեփականատերը:
«Սիլ պլազա» ընկերության ներկայացուցչի դիտարկմամբ՝ գործընթացում խախտումներ չեն եղել:
Գորիկ Միրզոյան («Սիլ պլազա» ընկերության ներկայացուցիչ) - էն ժամանակվա օրենսդրության համապատասխան տվյալ տարածքները տրվել են անհատույց օգտագործման, բայց էնտեղ մի շարք վավերապայմաններ ա եղել, ինչը հետագայում հնարավորություն է տվել, որպեսզի կարողանան օրինական ընթացակարգերով օրինականացնել, և էդ բոլոր օրենսդրական պահանջների պահպանումից հետո, բնականաբար, էնտեղ կառուցվել ա շենք, շենքի կառուցման հետ կապված որոշակի պայմաններ ա եղել, պայմանների պահպանումից հետո համապատասխան հանձնաժողովի և պայմանագրի հիման վրա անցել է այն ժամանակ դեռևս «Աստղիկ» կոոպերատիվի սեփականության ներքո:
Միրզոյանի խոսքով՝ կա այս գործով հարուցված քրեական վարույթ, սակայն իրենց հայտնի չէ, թե ինչի՛ է քննվում, և ովք՛եր են անցնում դրանով: Փաստաբանն ընդգծեց՝ մնացած հարցերի պատասխանները կներկայացնեն դատավարության ընթացքում՝ նյութերն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
Դատախազությունն այսպիսով վարչական դատարանից պահանջում է զրկել «Սիլ պլազային» տվյալ շենքերի սեփականության իրավունքից։
Սոնա Հովսեփյան - Այսինքն՝ մենք ասում ենք՝ օտարում տեղի չի ունեցել, հետևաբար «Աստղիկ-1» կոոպերատիվի սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ գրանցվել չէր կարող:
Հայցը ներկայացվել է ընդդեմ Կադաստրի կոմիտեի, իսկ «Սիլ պլազան» գործով ներգրավվել է որպես երրորդ անձ: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա շենքը կվերադարձվի պետություն:
«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍԻ» ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Դատախազությունը դատարանում վիճարկում է նաև 2006-08 թվականներին «Գոլդեն փելես» ընկերությանը տրամադրված հողամասի օտարման իրավաչափությունը: 2008-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը օտարվել:
Սոնա Հովսեփյան - Այսինքն՝ մի դեպքում 10 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս, մյուս դեպքում՝ 17 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս, օտարվել է, մեկը, օրինակ՝ ասեմ՝ 186 միլիոն դրամով:
«Գոլդեն փելեսի» սեփականատերը եղել է Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը, սակայն 2013-ից նա իր տեղը զիջել է որդուն՝ Արտաշես Ավետիսյանին: Այնտեղ հիմա կրկին այլ անվամբ հյուրանոց է: Ընկերության սեփականատերերն արդյոք իմացե՞լ են, որ հողատարածքը ենթակա չէր օտարման, նրանց փաստաբանը չի մանրամասնում:
Արմինե Հարությունյան («Գոլդեն փելես» ընկերության ներկայացուցիչ) - Այդ հարցերի կապակցությամբ արդեն իսկ քննված քրեական գործ կա, ավարտված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումով, ուստի այդ ժամանակաշրջանի հայցերը ներկայումս քննվող վարչական գործի շրջանակում գոնե մեր կողմից չեն քննարկվում:
Խոսքը Հատուկ քննչական ծառայությունում քննված գործի մասին է, որով նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը մեղադրյալի կարգավիճակ ուներ: Հետագայում, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ըստ ընկերության փաստաբանի՝ քրեական գործի ավարտից հետո դատախազությունը դիմել էր վարչական դատարան՝ քաղաքապետի՝ տարածքները օտարելու որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցը մերժվել էր՝ դատավարական ժամկետներն ուշացնելու հիմքով:
Դատախազությունը հիմա էլ նույն հիմքով դիմել է տվյալ որոշումն առոչինչ ճանաչելու համար, ինչը, ըստ Հարությունյանի, հնարավոր չէ: Դատախազությունից նշում են՝ եթե դատարանը բավարարի հայցը, «Հաղթանակ» զբոսայգուն պատկանող և ապօրինի օտարված հողերը ևս կընդգրկվեն պետության հաշվեկշռում:
ՎԻՃԱՐԿՎՈՒՄ ԵՆ 11 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Դատախազության տեսադաշտում են նաև Նորքի այգիներում և Երևանի տարբեր հատվածներում գտնվող 11 հողամասերի օտարման գործընթացները: 2003-2005 թվականներին հեռուստաաշտարակին հարող հատվածում և տարբեր վարչական տարածքներում գտնվող հողամասերը սեփականության իրավունքով տրվել են տարբեր անձանց, այն դեպքում, երբ, ըստ դատախազության՝ դրանք օտարելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշում չի եղել:
Սոնա Հովսեփյան - Երևանի քաղաքապետարանի նշված որոշումները վերաբերում են բոլորովին այլ անձանց և վերաբերում են բոլորովին այլ հատվածների, հետևաբար նման օտարումներ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված հողամասերի մասով, նշված անձանց տեղի չի ունեցել:
«Կադաստրի կոմիտեի գրությունից հետևում է, որ Նորքի հեռուստաաշտարակին հարող տարածքը անտառային տարածք է եղել, հետևաբար որպես անտառային տարածք օտարման ենթակա էլ չէր, եթե լիներ Երևանի քաղաքապետի նման որոշում:
Այս դեպքում նույնպես դիմել են Վարչական դատարան՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:
Սոնա Հովսեփյան - Եթե հաստատվի, ուրեմն կհաստատվի նաև, որ այդ հողամասերը պետք ա նորից վերադառնան պետական մարմնի հաշվեկշիռ, ոչ թե պետք է լինեն քաղաքացիների սեփականությունը:
Դատախազության ուսումնասիրությունները պարզել են, որ նմանատիպ վիճահարույց խնդիրներ կան նաև Արարատի մարզի Սուրենավան և Տավուշի մարզի Աչաջուր համայնքներում: Կրկին օտարվել են հողամասեր՝ ապօրինի ճանապարհով:
Այս և մյուս բոլոր գործերով կան քրեական վարույթներ: Որպես հայցի ապահովման միջոց, դատարանի որոշմամբ, կալանք է դրվել «Սիլ պլազա» ընկերության Արամի փողոցում գտնվող տարածքների, «Գոլդեն փելեսի» հողամասի և մյուս բոլոր թվարկված շինությունների ու տարածքների վրա:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան