Գյուղատնտեսական մի շարք արտադրատեսակների վաճառքն առաջարկվում է տարբերակված՝ հարկել: 20 տոկոս ավելացված արժեքի հարկի փոխարեն էկոնոմիկայի նախարարության նախագծով հարկը կդառնա 10 տոկոս: Խոսքը, օրինակ՝ տավարի և խոզի մսի, կարտոֆիլի, ցորենի և այլ հացահատիկային մշակաբույսերի և մի շարք այլ արտադրատեսակների մասին է: Այս ապրանքներն անկանխիկ իրացնելու դեպքում ևս 3 տոկոս հաշվանցման հնարավորություն կունենան տնտեսվարողները:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Այսինքն՝ մոտավորապես հավասարվելու է շրջանառության հարկի դաշտում աշխատող տնտեսվարողների հարկերի մակարդակին: Էդ առումով հույս ունենք, որ ԱԱՀ-ի դաշտում աշխատող տնտեսվարողները արդեն ամբողջ էդ ստվերային դաշտից դուրս կգան, և ըստ այդմ մենք կունենանք շրջանառության նաև ծավալների աճ հարկային դաշտում:
Որոշման ընդունման դեպքում նախարարությունն ակնկալում է, որ գները կնվազեն միչև 4.5, արտադրության ծավալները կաճեն՝ մոտ 3.5 տոկոս: Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս բարձր գնաճի պայմաններում նման նախագիծը կարող է նպաստել ճնշումների նվազմանը:
Հայկազ Ֆանյան (Acses վերլուծական կենտրոնի ղեկավար) - Եթե խոսքը, գնում է, օրինակ՝ 10 տոկոս դրույքաչափով ԱԱՀ-ի կիրառման մասին, ենթադրաբար ինքը շատ ավելի, իհարկե փոքր տոկոս ազդեցություն կունենա ընդհանուր ապրանքների գնի վրա, բայց սա ենթադրում ա, որ էդ թիրախային ապրանքները, որոնք նշված են, դրանց գները որոշակիորեն կնվազեն: Իհարկե սա չի նշանակում, որ հենց հաջորդ օրվանից դա կլինի, որովհետև շուկան մրցակցային է, և միջնորդները այնպես չի, որ հակված են գները նվազեցնելուն:
Ազգային ժողովի գյուղատնտեսության ոլորտը ընդգրկող հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշում է՝ վերջին տարիներին քննարկել են, թե որն է ամենաարդյունավետ մոտեցումը, և 10 տոկոսի հարկման տարբերակն է օպտիմալ համարվել: Նախագծով նշվում է, որ հարկայի բեռի թեթևացումը կազդի նաև ստվերի նվազման վրա, ինչի արդյունքում հարկման բազան կընդլայնվի մոտ 30%-ով:
Վահե Ղալումյան (ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագաh) - Ոլորտի աճին միտված նախագիծ է, քանի որ ինքը կերամիավորների գների վրա էլ է ազդելու, շրջանառությունը ստվերից հանելու է: Սա էլ կոնկրետ մեխանիզմ է գյուղատնտեսությանը զարկ տալու համար: Այն սկզբնական շրջանում նախատեսվում է՝ 1-1.5 տարում բյուջեի եկամուտների վրա ազդեցություն կունենա, բայց հետո մուլտիպլիկատիվ էֆեկտով ստվերի հաշվին ինքը բյուջեի եկամուտները կվերականգնի:
Նախագիծն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի կարծիքն է: Ըստ նրա՝ ոլորտում հարկային բեռը թեթևացնելը շատ կարևոր է, մյուս կողմից խնդրահարույց է, երբ ցորենը ներառված է տարբերակված հարկելու ապրանքատեսակների ցանկում, իսկ ալյուրը՝ ոչ:
Գառնիկ Պետրոսյան (ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար) - Այսօր հազարավոր տնտեսվարողներ ալյուր են ներկրում ՀՀ, դրանք փոքր հացաթխման արտադրամասերն են, փոքր տնտեսվարողներն են, որոնք քիչ քանակություններով, ուղղակի իրենց՝ շատ սահմանափակ էսպես հնարավորությունների պայմաններում կարողանում են աշխատել: Հիմա, եթե մենք ցորենը ազատում ենք, իսկ ցորենի ներկրմամբ այսօր զբաղվում են, և ալրաղացների այդ խոշոր քանակությունն այսօր մատների վրա կարելի է հաշվել, և դրանց 1-2-ն էլ գերակշռող դիրք ունեն շուկայում, ստեղ էլ էդ դեպքում հակասություններ են առաջանում, ինչո՞ւ էդ դեպքում ուրեմն նույն ալյուրի ներկրումը չազատել ԱԱՀ-ից:
Ուսումնասիրվել են ԵԱՏՄ անդամ և եվրոպական երկրների փորձը, որտեղ ևս այսպիսի տարբերակված մոտեցում է կիրառվել որոշ ապրանքատեսակների գծով՝ արձագանքում է Գևորգ Ղազարյանը, հավելում՝ ցորենի համար արտոնությունը կարող է ազդել նաև ալյուրի գների վրա:
Գևորգ Ղազարյան - Հնարավոր ա նաև ալյուրի, հացի գների նվազում տեղի ունենա, իսկ մյուս հացահատիկի տեսակների, եգիպտացորենի և գարու մասով՝ նաև խտացրած կերերի ինքնարժեքի նվազում, որը կհանգեցնի նաև թռչնամսի և ձվի ինքնարժեքի նվազեցման:
Գուցե հարկերի տարբերակումը փոքր-ինչ խզում կարող է ստեղծել, բայց նախագծի սոցիալական կոմպոնենտը ավելի կարևոր է, ամբողջ բնակչության վրա կարող է ազդել՝ նշում է Վահե Ղալումյանը: Մյուս կողմից շեշտում՝ այսօր գյուղացին հարկ չի վճարում իր իրացրած ապրանքի դիմաց:
Ըստ Հայկազ Ֆանյանի՝ գյուղմթերքի իրացման դաշտում ստվերայնությունը մեծ է, և այս առումով նախագիծը կարող է օգնել դրա նվազեցմանը: Մյուս կողմից՝ վաճառքի փոքր ծավալ ունեցողների համար սա կարող է խնդիր ստեղծել:
Հայկազ Ֆանյան - Օրինակ՝ բակում գտնվող մրգի վաճառակետերը, եթե հիմա առավելություն ունեն, որովհետև շրջհարկի համակարգում են աշխատելու, այս նախագծի ուժի մեջ մտնելուց հետո արդեն չեն ունենա այն առավելությունը սուպերմարկետների համեմատ և մրցակցության արդյունքում հնարավոր ա, որ իրենք դուրս մնան:
Կարևոր է նաև տեղական արտադրողների շահերը պաշտպանել, եթե անհրաժեշտ է, ապա ներմուծված ապրանքի համար արտոնություն սահմանելուց պետք է տեղականի մրցունակությունը տարբեր ծրագրերով բարձրացնել՝ ընդգծում է Գառնիկ Պետրոսյանը:
Գառնիկ Պետրոսյան - Եթե մենք մի ապրանքատեսակի նկատմամբ էսպես տարբերակված մոտեցում ենք ցուցաբերում, ապա անպայման պետք է մենք հետադարձ հայացք ձգենք, թե մենք ինչ ենք արտադրում, ինչ վիճակում ենք, մենք ինչ պետք է անենք: Եթե կարողանում ենք այս երկու խնդիրները այսպես հավասարակշռված մակարդակի վրա պահել, բնականաբար, էստեղ որևէ խնդիր չի լինի:
Ըստ հաշվարկի՝ նախագծի ընդունումից հետո բյուջեի մուտքերը կնվազեն 7.8 մլրդ դրամով, սակայն իրացման շրջանառության ստվերից դուրս գալու հաշվին հետագայում խնդիրը կկարգավորվի: Քննարկման դրված նախագիծը դեռ պետք է հավանության արժանանա գործադիրում, այնուհետև օրենսդիրում քննարկվի:
Եթե այն ընդունվի, ապա օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի տարեսկզբից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան