Դեպի նշանակված դիրքերը՝ առաջ, մարտի: Հրամանատարի այս հրահանգով են Պաշտպանության նախարարության հրաձգության գործնական դասընթացը սկսում կանայք ու աղջիկները: Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին թողնում են աշխատանքը, ընտանիքն ու առօրյա հոգսերը՝ ծանոթանալու զենքի հետ վարվելու կանոններին:
Թամարա Խառատյան (հրաձգության դասընթացի մասնակից) - Վերջին անգամ երևի թե մասնակցել եմ դպրոցական տարիներին, սովորել եմ կրակել Կալաշնիկովի ավտոմատից:
Անահիտ Մաթևոսյան (հրաձգության դասընթացի մասնակից) - Դասընթացից ակնկալիքներ ունեմ՝ գոնե մինիմալ գիտելիքներ, թեկուզ տեսական, ձեռք բերել և մի փոքր գործնական գիտելիքներ՝ զենքի հետ վարվելու:
1300 մասնակցի շարքում, թեև պրոֆեսիոնալ զինվորականներ չկան, բայց կան փորձառուները, որոնք եկել են խորացնելու գիտելիքները, ոմանք չեն բացառում զինվորական ծառայության անցնելու հնարավորությունը:
Արփինե Խաչատրյան (հրաձգության դասընթացի մասնակից) - Այսօրվա մեր եղած ռեսուրսների պայմաններում՝ աղջիկների պատրաստվածությունը՝ ռազմական իմաստով, ևս կարևոր է և անհրաժեշտ է: Եթե լիներ աղջիկների համար նախատեսված ծառայություն, ես անպայման կգնայի:
Զենքի քանդում-հավաքում, լիցքավորում, անվտանգության կանոնների ուսուցում, առաջին բուժօգնություն, այն գիտելիքներն են, որոնք դասընթացի մասնակիցները ստանում են մինչև մարտական զենք վերցնելը: Հետո արդեն զբաղեցնում են կրակային դիրքն ու փորձում խոցել բոլոր թիրախները: Տեսական և գործնական դասընթացը տևում է 4-8 ժամ:
Արամ Թորոսյան (ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ) - Մասնագետներն այնպիսի ծրագիր են մշակել, որ նախնական գիտելիքներ ձեռք բերելու և յուրացնելու առումով լիարժեք է և բավարար:
Հրաձգության գործնական դասընթացներն այժմ անցկացվում են Երևանում: Այս փուլից հետո Պաշտպանության նախարարությունը կրակային պարապմունքներ կկազմակերպի նաև մարզերում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան