ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԽԵՐՍՈՆՈՒՄ ԵՆ
Ուկրաինայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումնեըր Խերսոնում են՝ հայտարարել Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա պատմական օր է: «Մենք Խերսոնը վերադարձնելու գործընթացում ենք»,- նշել է Զելենսկին: Համացանցում էլ հայտնվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ տեղի բնակիչները հանդիսավոր կերպով ողջունում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Դնեպրի արևելյան ափ առանց կորուստների իր ուժերի դուրսբերման ավարտի մասին։ Խերսոնն առաջին խոշոր քաղաքն էր և միակ տարածաշրջանային կենտրոնը, որը ռուսական զինված ուժերը գրավել էին ռազմական գործողությունների ժամանակ: Այնուհետև Ռուսաստանն այս շրջանը Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ հայտարարեց իր տարածք։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Խերսոնը համարել իր տարածքը, իսկ ապագայում մտադիր է հետ գրավել քաղաքը։
Անդրադառնալով թեմային՝ Ֆրանսիայի նախագահը Թվիթերում գրել է. «Ողջունում եմ Խերսոնի վերադարձն Ուկրաինա, որը կարևոր քայլ է իր ինքնիշխան իրավունքների լիարժեք վերականգնման ուղղությամբ: Ֆրանսիան ուկրաինացիների կողքին է»:
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ Է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կամբոջայում է՝ մասնակցելու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովներին։ Վաղը Սպիտակ տան առաջնորդը երկկողմ բանակցություններ կանցկացնի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, ինչպես նաև Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Նա մտադիր է նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ճապոնիայի վարչապետի ու Հարավային Կորեայի նախագահի հետ հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդումը շարունակելու համար։ Սպիտակ տնից էլ հայտնել են, որ երկուշաբթի Ինդոնեզիայի Բալի կղզում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսվում է Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, հատկապես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսին Թայվան կատարած այցից հետո։ Ղեկավարները կքննարկեն նաև ԱՄՆ-Չինաստան հաղորդակցման խողովակները պահպանելու և խորացնելու ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր:
ԻՐԱՆԸ ՌԴ-ԻՆ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԶԵՆՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի արտգործնախարարը Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Ռուսաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Կիևից հնչող մեղադրանքներին: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը զենքի արտահանման և ներկրման արգելք չունի, սակայն Ռուսաստանին որևէ տեսակի զենք չի տրամադրել՝ ուկրաինական հակամարտությունում կիրառելու համար: «Թեհրանը դեմ է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և Ուկրաինայի պատերազմին»,- ասել է Իրանի գլխավոր դիվանագետը: «Մենք աշխատում ենք հրադադարի հաստատման ուղղությամբ»,- շեշտել է Աբդոլլահիանը:
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ
Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թուրքիան որոշել է դեսպան նշանակել Իսրայելում և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։