Քաղաքային իշխանությունը հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց է սկսել: Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ այս զբոսայգին դեռ 2000-ականներին է երեք տնտեսվարողի վարձակալության տրվել: Երկուսի հետ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել 2020-ի դեկտեմբերին:
Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Այգու երկու տնտեսվարողները ժամանակին զգուշացվել են, որ այլևս ձեզ հետ պայմանագիրը չի երկարացվելու, հետևաբար նրանք պատշաճ ծանուցված են, և այլևս մեր միջև պայմանագրային հարաբերություններ գոյություն չունեն, ուղղակի մենք գույքն ուժային մեթոդներով չենք տեղափոխել, քանի որ բոլոր տնտեսվարողները պետք է այնտեղից դուրս գան»:
Երրորդ տնտեսվարողը «Ռուզաննա Շահվերդյան» ընկերությունն է, որի հետ պայմանագիրը պարբերաբար վերակնքվել է, վերջինը՝ 2017 թվականին 9 տարով՝ մինչև 2026 թվականը: Այժմ բանակցություներ են ընթանում տնտեսվարողի հետ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի խոսքով՝ այդ ընկերության վարձակալած տարածքը այգու ուղիղ կեսն է՝ 2500 քմ-ը, որի համար նա ամսական վճարում է ընդամենը 110.000 դրամ: Մյուս երկու ընկերության տեղադրած կառույցները ենթակա են քանդման:
Գեղամ Կարապետյան - Այգին ինքնին կա, ուղղակի այգին ծանրաբեռնված է արդեն ոչ ժամանակակից, փնթի շինություններով, որոնք ընդհանրապես չեն համընկնում մեր այսօրվա քաղաքաշինական նորմերին: Բանակցություններ են տարվում 2026 թվականը մինչև իրավունքներ ունեցող տնտեսվարողի հետ՝ ժամկետից շուտ պայմանագիրը լուծելու վերաբերյալ: Այս պահին դեռևս որևէ որոշում չկա կայացված, որպեսզի ես կարողանամ տեղեկացնել, սակայն աշխատանքներն ակտիվ տարվում են:
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ժամանակակից ստանդարտներին համապատասխան այգի կառուցել: Փոխքաղաքապետը բացառում է, որ այգին կրկին մասնավորին վարձակալության կտան, բայց չի բացառում, որ այն կարող է բարերարների միջոցներով վերականգնվել: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հաջողված փորձեր ունեն, օրինակ՝ գործարար Վարդանյանների միջոցներով Երևանի 2800-ամյակի այգու վերաբացումը: Այս փուլում կարևորը Մերգելյանի զբոսայգին համայնքին վերադարձնելն է, երբ գործընթացն ավարտեն, կմտածեն նաև ներդրումների մասին:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Էն տարածքները, որտեղ, մանավանդ, ժամկետներն արդեն մոտ են ավարտին, վստահաբար կարելի է պայմանավորվել: Եթե հնարավոր չէ պայմանավորվել, այլ իրավական մեխանիզմներ կան՝ պայմանագիրը չեղարկելու, հրաժարվելու, տարբեր, և մենք վստահաբար գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նմանատիպ վայրերում այգիները մնան էն վիճակում, որոնք որ կան:
Նախկին վարձակալը՝ «Արցախ-91» ընկերությունը, իր միջոցներով ապամոնտաժում է այգու փայտե տնակները, կրպակները. քանդման ենթակա է նաև հացի արտադրամասը: Մյուս վարձակալին ժամկետ է տրվել մինչև հունվարի 1-ը ապամոնտաժել իր կրպակները: Սահմանված ժամկետում դա չանելու դեպքում կմիջամտի քաղաքապետարանը:
Տիգրան Ավինյան - Մենք հանրային տարածքների վերադադարձը անպայման իրականացնելու ենք: Ես առաջարկում եմ ավելի փոխըմբռնումներով և իրար հասկանալով գնանք և փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում էդ խնդիրները լուծել, որովհետև էն, ինչ ոչ բարվոք վիճակում է, վարձակալության է տրված, կամ կրպակներ են կառուցվել այգու տարածքում, նույնիսկ կան, որ սեփականաշնորհվել են, դրանք էդպես չեն մնալու:
Արաբկիրում ամենաթարմը Նոր Արաբկիր, շատերին հայտնի՝ Մալականի զբոսայգին համայնքին վերադարձնելու դեպքն էր: Քաղաքային իշխանությունն այս դեպքում մասնավորի հետ բանակցությունների արդյունքում պայմանագիրը վաղաժամ խզեց, որից հետո քաղաքային բյուջեով վերակառուցեց այգին: