Մեդիափորձագետ Արթուր Պապյանը բացատրում է՝ «Գուգլի» մշակած համակարգը ոչ թե կանխատեսում, այլ հեռախոսների սենսորների միջոցով էպիկենտրոնում արձանագրում է երկրաշարժը, հաշվարկում, թե ալիքը ուր է հասնելու, և ցնցումներից մի քանի վայրկյան առաջ այդ տեղեկությունը փոխանցում է տվյալ վայրերում գտնվող անդրոիդների օգտատերերին, որովհետև ձայնային ալիքը տեղ է հասնում ավելի շուտ, քան երկրաշարժի ալիքը:
Մեդիափորձագետ Պապյանը մանրամասնում է՝ բավական ժամանակ է՝ «Գուգլը» փորձարկում է համակարգը:
Արթուր Պապյան (մեդիափորձագետ, «Կիբեռհաբի» համահիմնադիր) - Նախ գործարկվել է 2020-ին՝ ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան 3 նահանգում՝ Կալիֆոռնիա, Օրեգոն, Վաշինգտոն, որտեղ երկրաշարժի ակտիվ գոտի է: Հետո աշխարհագրությունն ընդլայնվել է, և ծանուցումներ սկսել են ստանալ նաև Հայաստանում:
Համակարգը բացի զգուշացումից՝ ներառում է նաև խորհուրդներ:
Արթուր Պապյան - Օգտագործվում են երկու տեսակի զգուշացումներ: Մի տեսակը՝ ուղղակի փոքրիկ հաղորդագրություն է բացվում էկրանին, որ ինչ-որ բան է այստեղ կատարվում: Սա ավելի շատ ինֆորմացիոն բնույթ ունի, ավելի շատ թույլ ցնցումների համար է, և կա երկորրդ տեսակի ահազանգը, երբ սպասվում է 4.5-ից ավելի մագնիտուդ ուժգնության երկրաշարժ: Էդ դեպքում նույնիսկ կոնկրետ քայլեր է «Գուգլը» խորհուրդ տալիս. մտեք դռների բացվածքներ, սեղանի տակ մտեք, փորձեք ապահով տեղում ձեզ գտնել:
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն ասում է՝ մեզ նման փոքր երկրների համար այդ համակարգի արդյունավետությունն էլ փոքր է, որովհետև եթե երկրաշարժի էպիկենտրոնը, օրինակ, Հայաստանում լինի, ազդարարման համակարգը ժամանակ չի ունենա մյուս տարածքներում սպասվող ալիքի մասին ավելի վաղ զգուշացնել: Իսկ եթե էպիկենտրոնը այլ երկրում է, մեր երկիր հասած ալիքը ավերիչ հետևանքներ չի ունենա:
Սոս Մարգարյան (ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն) - Իսկ Եթե տեղի ունենա որևէ միջին ուժգնության երկրաշարժ հենց մեր հանրապետության տարածքում, մեր հանրապետությունը շատ փոքր է իր տարածքով, և այդ ալիքների տարբերությունը բնակիչը երևի թե միլիվայրկյանների ընթացքում էլ կզգա, եթե վաղ ազդարարման հակամարգը աշխատի, ազդարարումն էլ կտեսնի իր հեռախոսի վրա:
Նաև ուշադրություն է հրավիրում, որ նախորդ ոչ բոլոր երկրաշարժերի ժամանակ են անդրոիդները զգուշացրել, քանի որ դրանք ամեն դեպքում սենսորային են, ոչ թե սեյսմոմետր:
Ի դեպ, սեյսմիկ ծառայությունը Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հետ նախաձեռնել է մի ծրագիր՝ էլի տեխնոլոգիաների կիրառմամբ: Դա թույլ կտա մասնագետներին մի քանի անգամ արագ տեղեկություն ստանալ զգացված, անհետևանք երկրաշարժի մասին և ամփոփել դրանք:
Այս ծրագրի հեռախոսային հավելվածն արդեն գոյություն ունի՝ LASTQUAKE, և մենք իրենց հետ աշխատելով՝ ունենք հայկական տարբերակը: Ես կխնդրեմ՝ մեր բնակիչները ներբեռնեն այս ծրագիրը, և երբ որ տեղի է ունենում զգացված երկրաշարժ, կարելի է բացել՝ «ես զգացել եմ երկրաշարժ», սեղմել այդ կոճակը: Բերում է նկարներ, թե ինչ ձևի եք զգացել, առաջինը շատ թույլ, կարելի է ասել՝ մեկ բալին է համապատասխանեցրած, երկու, երեք, չորս: Սեղմել համապատասխան նկարը և տվյալներն ուղարկել:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում հրապարակվում են տարբեր երկրներում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ տեղեկություններ: Հայաստանը նույնպես երկրաշարժից անմիջապես հետո տվյալ է հաղորդում: Բայց էպիկենտրոնի մասին ստացվող պատկերը տարբեր է լինում, և համակարգը միջինացնում է դա: Այդ դեպքում էլի մեր երկրի փոքր տարածքը կարող է պատճառ դառնալ, որ էպիկենտրոնի հարցում սխալը լինի մի ամբողջ քաղաքի կամ մարզի չափով: Ծրագիրը թույլ կտա էպիկենտրոնը ավելի ճշգրիտ որոշել և Եվրոպական կենտրոնի կայքում էլ ճիշտ արտացոլել: Դա, ի դեպ, մարդկանց մշտապես հետաքրքրում է:
Բջջային հեռախոսի հավելվածը նաև հետադարձ կապ է ապահովում, և երկրաշարժի մասին հաղորդած օգտատերը շատ արագ կիմանա՝ որտեղ է էպիկենտրոնը՝ առանց սպասելու պաշտոնական հաղորդագրության:
Հեղինակ՝ Աննա Զախարյան