Նորիկ Սիմոնյան (Ծովագյուղի ՃՇՇ-ի ղեկավար) - Կռանով ուղղակի վերցվում, դրվում է մեքենաների վրա, աղ ու ավազը լցվում է մեջը, իջնում է էս մասը ներքև, ու սկսում է ավազը շաղ տալը:
Սևանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման պատասխանատուն նոր գնված՝ կոմբինացված ճանապարհային մեքենաներն է ցույց տալիս, ավելի հայտնի KDM-ները: Այսպիսի մեքենա ունենալը կապալառուների համար 2021 թ. անցկացված մրցույթի նոր պահանջն էր: Նպատակը՝ որ բահով աղ ու ավազ շաղ տալու մշակույթը վերանա:
Նորիկ Սիմոնյան - Դե, դա ժամանակատար էր: Եթե լավ լինի, արդեն 2-ի պատվեր տվել ենք:
Այսպիսով՝ Հայաստանի ընդհանուր պարկը համալրվել է 96 ԿԴՄ-ով. այս տարվանից այսքան նոր տեխնիկա է ընդգրկվելու ձնամաքրման աշխատանքներում:
Բացի դրանից՝ նոր՝ խստացված պահանջներով մեքենայի արտադրության ժամկետը չպետք է գերազանցի 15 տարին: Հունվարի 1-ից էլ այդ բոլոր մեքենաները պետք է տեղորոշման համակարգով՝ GPS-ով համալրված լինեն, ինչը կօգնի ճանապարհաշինարարների աշխատանքներին՝ հետևելուն և համակարգելուն:
Գոռ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Սրանք տարածաշրջաններն են, օրինակ՝ Աշոցք, այս պահին 4 հատ կրետել է, 2 բուլդոզեր: ՀՀ-ում 38 տարածաշրջանում ընդգրված է 950 աշխատակից, համալրված է 370 միավոր տեխնիկայով, աղի կուտակումը անհրաժեշտ 5000 տ-ից 1700-ն արդեն կուտակված է:
Իսկ ավազի պաշարի անհրաժեշտ 60 000 խ. մ 46 000 է արդեն կուտակված: Սա նոյեմբերի 1-ի տվյալն է: Այս թվերը փոխվում են ամեն օր՝ ամեն օր էլ պաշարն ավելացվում է: Լրիվ կազմ ու պատրաստ սպասում են:
Այսպես 38 տարածաշրջանում էլ նոյեմբերի 15-ից մեկնարկող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման վերջին նախապատրաստական աշխատանքներն են: Մեքենաների նորոգումից մինչև աղ ու ավազի կուտակում:
Էդգար Բաղդասարյան (Հրազդանի ՃՇՇՁ-ի ղեկավար) - Այս պահի դրությամբ 80 տոննա կուտակած աղ ունենք, եղանակային պայմաններից կախված 150-200 տոննա օգտագործելու ենք:
1994-ից Հրազդանի տարածաշրջանը հենց այս ընկերությունն է սպասարկում:
Էդգար Բաղդասարյան (Հրազդանի ՃՇՇՁ-ի ղեկավար) - Ձմեռային սեզոնի նույն վայրկյանին կարող ենք մտնել սպասարկման մեջ:
Պարկում առկա մեքենաներն է ցույց տալիս՝ վերջին տարիներին քանակն ավելացել է:
Էդգար Բաղդասարյան - Պահանջները խստանում են միշտ:
Էդգար Բաղդասարյանը վերջին համալրումն է ցույց տալիս՝ մեկ այսպիսի մեքենան՝ ձյուն մաքրող սարքով կահավորված, 125 000 դոլար է: Ձեռք բերել են 2-ը:
Էդգար Բաղդասարյան - Կառավարության աջակցությունը էս տարի կոնկրետ էս մեքենաների պահով զգացել ենք, ձեռք ենք բերել վարկային միջոցներով, որի մեծ մասը տոկոսադրույթի Կառավարությունն է տվել:
Մանրամասնում է՝ 14 տոկոսից 10-ը տոկոսը պետությունն է սուբսիդավորել: Առաջին անգամ է: Ձմռանը սպասարկման խնդիրներ միայն բքի ժամանակ են լինում՝ և հատկապես լեռնանցքներում և ոլորաններում՝ մանրամասնում է Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը:
Գոռ Ավետիսյան - Բքի ժամանակ աշխատանք չեն անում, բայց նախորդ տարի դեպքեր ունեցանք, որ չէին ենթարկվում, մտնում էին բքի մեջ: Անցած տարի Սյունիքի Զանգերում 24 ժամից ավել ճանապարհը փակ էր, տաքացվող տնակ ունեցանք:
Եվ մեկ դեպք ունեցանք Ստեփանավանի թունելի ճանապարհի վրա:
Մոտ 7-8 ժամ աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվեց:
Այդպիսի դեպքերում ուժերը մոբիլիզացնում են: Շեշտում է՝ տեխնիկայի ու պաշարների պակաս չեն ունեցել, չեն ունենա: Այս տարի նոր փորձարկում էլ են անելու որոշ հատվածներում՝ ավազի փոխարեն ձյան դեմ պայքարելու են: Անտիֆրիզով, աշխարհում սկսել են կիրառել, մի հատ հասկանանք որակը, ֆինանսը: եթե հարմար լինի դրան համապատասխան տեխնիկա կհամալրենք:
Նոյեմբերի 16-ից Ճանապարհները սպասարկող ընկերությունները աշխատելու են 24 ժամվա հերթապահությամբ, գործելու է թեժ գիծ 010 56 25 33: Հորդորը մեկն է՝ նոյեմբերի 16-ից նաև վարորդները պատրաստ լինեն ձմռանը՝ անվադողերը փոխած: Բքի ժամանակ էլ ենթարկվեն ցուցումներին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան