Կառուցված է 450 կմ տեղական ճանապարհ, որն ունի կենսական նշանակություն: ՏԿԵ նախարարությունն ու Համաշխարհային բանկն ամփոփել են համատեղ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Դրանք իսկապես կենսական նշանակության ճանապարհներ են, և, իսկապես, մեր բնակավայրերը այդ ճանապարհների կարիքը չափազանց շատ ունեին:
Եթե նախկինում գյուղական բնակչության 51 տոկոսն էր օգտվում բարեկարգ ճանապարհներից, ծրագրի շնորհիվ՝ ավելի քան 77 տոկոսը:
Նարեկ Զուլալյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ) - Մեր սկզբնական ցուցանիշը եղել է 600 հազար, իսկ այս պահին ճանապարհից օգտվող շահառուների ընդհանուր քանակը 982 հազար է:
Այս ծրագրով նաև ճանապարհների անվտանգության բարելավման աշխատանքներ են իրականացվում:
Նարեկ Զուլալյան - Այսպես կոչված սև կետերի՝ վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքներ, որոնք այս պահին մի մասն ընթացքում են և կավարտվեն տարվա վերջին:
Ծրագիրը դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան տանող ճանապարհների բարեկարգումից զատ ներառում է նաև անվտանգային, կրթական, տեխնիկական բաղադրիչ:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Համաշխարհային չափանիշներով ճանապարհներ են կառուցվել, թե՛ նախագծումը, թե՛ տեխնիկական հսկողությունը եղել են միջազգային, հատուկ ուշադրություն է դարձվել ճանապարհների անվտանգությանը, հատուկ միջոցառում է իրականացվել դպրոցին հարակից հատվածներում:
Կենսական նշանակության ճանապարհային ցանցը բարելավել են Համաշխարհային բանկի վարկային միջոցներով:
Գնել Սանոսյան - Ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ համայնքում փորձ է արվել խնդիրը կոմպլեքս լուծել. ոչ միայն ճանապարհը, այլև լուսավորության, ջրահեռացման ցանց, մայթեր:
Մշակվել է կենսական նշանակության ճանապարհային ցանցի ռազմավարական պլանը, որը կօգտագործվի ճանապարհները կառուցելիս:
Գոռ Ավետիսյան - Ժամանակին, երբ ճանապարհաշինության համար սեղմ միջոցներ են հատկացվել, հիմնական գյուղական համայնքները մայրուղիներին կապող ծրագրերից մեկն է եղել:
Քանի որ պետական բյուջեից այժմ հատկացվում են բավարար միջոցներ, նույն ծրագիրը իհարկե կշարունակվի, բայց արդեն կիրականացնենք պետական բյուջեի միջոցով:
Հայաստանի ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի երկարությունը շուրջ 7513 կմ է, որից տեղական նշանակության է 3760 կիլոմետրը, դրա 10-ը տոկոսից ավելին բարելավվել է այս ծրագրով: