Ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորն այսօր գրառմամբ հայտնել է, որ պատրաստվում են վերադառնալ խորհրդարան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու են նրանք որոշել վերադառնալ ԱԺ:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող են կայացնել որոշում չմասնակցել, կարող են կայացնել որոշում մասնակցել: Դա պետք է նայել բնականոն ընթացքի մեջ:
Քանի որ նախորդ հանդիպումներում տարբեր առիթներով անդրադարձ եղել է, ուզում եմ ասել, որ նաև բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Համոզված եմ, որ այն ամբողջ տեղեկատվությունը, որ կա բանակցային գործընթացի մասին, որևէ մեկին այդ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո հիմք չի կարող տալ ասել, որ մենք ՀՀ շահերին հակասող որևէ գործողություն ենք ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը: