ԱՄՆ Կոնգրեսի որոշ ծայրահեղ աջ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում արդեն բարձրացրել են Ուկրաինային օգնության հարցը։ Որոշ հանրապետականներ կոչ են արել ամբողջությամբ դադարեցնել աջակցությունը, մյուսներն առաջարկել են կրճատել այն:
Մինչև գարուն, հավանաբար, կպահպանվի ժամանակավոր ծախսերի օրինագիծը, որով նախատեսվում է ամսական մոտ 1,5 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային, այնուհետև կարող են սկսվել քննարկումները:
ԱՄՆ պետքարտուղարությունն էլ, հակառակը, կոչ է արել շարունակել Կիևին ռազմական մատակարարումները: Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնություն է խոստացել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը Կիև կառաքի Hawk հակաօդային պաշտպանության և Stinger հրթիռներով հագեցած Avenger համակարգեր։