«Տարկետման կարգում փոփոխությունները մի կողմից դրական, մյուս կողմից բացասական հետևանք են ունեցել»,- նկատում են մասնագետները, արձանագրում՝ 2018-ին օրենքի փոփոխությունից հետո մոտ 50 տոկոսով կրճատվել է գիտությամբ զբաղվողների թիվը: Գործող կարգավորմամբ` տարկետում տրվում է բացառիկ դեպքերում, երբ աշակերտը կամ ուսանողն ունի մեծ նվաճումներ, հավակնում է կրթությունը շարունակել միջազգային բուհերում: Խոսքը միջազգային և հանրապետական առարկայական օլիմպիադներում հաղթողների մասին է:
Հովհաննես Գևորգյան (ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ) - 2022 թվականի ամառային զորակոչի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքով, իհարկե, դիմել էր 267 քաղաքացի, բայց տարկետման իրավունքի տրամադրում իրականացվել է մոտ 220 անձի, այդ թվում՝ երեք կրթական ծրագրերով` ներառյալ և՛ բակալավրիատ, և՛ մագիստրատուրա, և՛ ասպիրանտուրա:
Մինչև 2018 թվականը ամեն տարի հանրապետության բուհերում մոտ 700 հոգի ստացել է տարկետման իրավունք, մոտ 500-ը բաժին է հասել Մայր բուհին: Օրենքի փոփոխությունից հետո պատկերն այլ է, օրինակ՝ 2021-ին ԵՊՀ-ում՝ 32, 2022-ին՝ 22 տեղ է հատկացվել: Այսինքն` մոտ 95 տոկոսով պակաս:
Էլինա Ասրիյան (ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր) - Օրենքի փոփոխությունը ավելի սելեկտիվ է դարձել և ավելի թիրախային է դարձել էն մարդկանց, որոնք, ի վերջո, հայտնվում են մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում, վիճակագրության համար պարզապես ասեմ, որ բակալավրիատ ավարտածների ընդամենը 30 տոկոսն է գնում մագիստրատուրա և ավելի քիչ տոկոս` դեպի բարձրագույն կրթության երրորդ աստիճան, այսինքն՝ ասպիրանտուրա:
Նախարարության իրավաբանական վարչության պետն ասում է՝ արդյունքները վերլուծել, զորակոչից տարկետման տեղերի կրճատումը դրական են գնահատում: Հովհաննես Գևորգյանի խոսքով՝ ինչպես հիմա, այնպես էլ նախկինում քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդները գիտության ճանապարհը կիսատ են թողնում, զբաղվում ավելի եկամտաբեր գործով:
Հովհաննես Գևորգյան (ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ) - 40-50 հոգի ասպիրանտական տարկետման իրավունքից օգտվողների կեսը կամ կեսից մի փոքր պակասն արդեն գիտական գործունեությամբ զբաղվելու և գիտնական դառնալու ուղղությամբ են գնում:
Մայր բուհի ասպիրանտուրա ընդունվածների ընդամենը 38 տոկոսն է կարողացել այս տարի պաշտպանել թեկնածուականը: Այսպիսով, գիտնական դառնում է թեկնածուական պաշտպանողներից ամեն երրորդը: Էլինա Ասրիյանի վստահեցմամբ՝ կրթության ընկալումը բանակից առաջ և բանակից հետո խիստ տարբերվում է:
Էլինա Ասրիյան - Ե՛վ մոտիվացիայի տարբերություն կա, և՛ աշխարհընկալման, և՛ կրթությունը արժևորելու, այսինքն` այդ երկու տարին էականորեն ազդեցություն են ունենում անձի սոցիալականացման վրա, նրա զարգացման վրա:
Որ տարկետում ստացած ասպիրանտները հասցնեն թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը ավարտին հասցնել, ԿԳՄՍ-ն Ազգային ժողովին առաջարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարել: Խորհրդարանը նախագիծն ընդունեց և ծառայության ենթակա տարիքային շեմը 27-ից դարձավ 28: Սա պայմանավորված էր կրթության ցիկլի երկարաձգման հանգամանքով. Եթե նախկինում հիմնական կրթությունը տասը տարի էր, ապա այսօր 12 տարի է:
Հովհաննես Գևորգյան - Մենք սահմանում ենք մի դրույթ, մի նպատակ, որում հստակ ընդգծում ենք, որ կրթական հիմքով նախկինում տարկետում ստացած անձին հնարավորություն տրվի ևս մեկ տարի, որ ասպիրանտական վերջին փուլի ուսումնառությունը պատշաճ ձևով կազմակերպվի, և էդ մեկ տարին ունենա որպես ժամանակ` ավելի լավ զբաղվելու և ավելի նպատակային օգտագործելու համար:
Բուհերը գիտամանկավարժական կադրերով համալրելու համար նախարարությունն Ազգային ժողովին առաջարկել է տարկետում տրամադրել նաև բարձր տեխնոլոգիաների, ճարտարապետության ու մաթեմատիկական ուղղություններում սովորողների համար՝ հստակ սահմանելով բուհերի ցանկն ու կոնկրետ մասնագիտացումները: Նախագիծը Ազգային ժողովում քննարկման փուլում է, գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: