ԱԺ-ում տեղի է ունեցել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը:
Հանձնաժողովների փոխնախագահներ Վաղարշակ Հակոբյանն ու Կազբեկ Տայսաևը քննարկել են խորհրդարանական գործակցության շրջանակում Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարն ու առաջնահերթությունները, անդրադարձ կատարել Վերին Լարսի անցակետին առնչվող խնդիրներին:
Վաղարշակ Հակոբյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն ու Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրները:
Վաղարշակ Հակոբյան (ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ընդգծվեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կարևորությունը:
Կազբեկ Տայսաև (ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ) - Մենք, միանշանակ, չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, և հակառակը: Մեզ կապում է մշակույթը, պատմությունը, հավատքը, մեր մեծ հաղթանակը: Այսօրվա քննարկումն անցավ բարեկամական և կառուցողական մթնոլորտում:
Քննարկեցինք տնտեսական հարցեր, ունենք հաջող գործակցության փորձ Վերին Լարսի անցակետի հարցում: Այսօր այնտեղ կան որոշ խնդիրներ, երեք տարի առաջ մենք արդեն լուծել ենք նմանատիպ խնդիրներ: Ձևակերպեցինք աշխատանքային քարտեզ, որը կօգնի մեզ նման հարցերի դեպքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան