Սամարղանդում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հանդիպումը:
Նախատեսվում է, որ դիվանագետները կքննարկեն ոլորտային մի շարք փաստաթղթեր, որոնք կստորագրվեն նոյեմբերի 11-ին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Նշվում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության երկրները կստորագրեն նաև առևտրի դյուրացման ռազմավարությունը։
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ այդ փաստաթղթերը կնախագծեն 2022-2026 թվականներին կառույցի երկրների զարգացման հեռանկարները: Վլադիմիր Նորովն ընդգծել է տրանսպորտի ոլորտում գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հարկավոր է ստեղծել միասնական տրանսպորտային տարածք, որը կկապի կազմակերպության երկրների շուկաները համաշխարհային շուկաների հետ։