Interfax-ի հաղորդմամբ՝ կրիտիկական ենթակառուցվածքների անկումը հոկտեմբերին արագացրել է Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը՝ մինչև 39% տարեկան կտրվածքով, ինչն ավելի վատ է՝ համեմատած օգոստոսի և սեպտեմբերին գրանցված 35% անկման հետ: Այդ մասին ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Մենք գնահատում ենք ՀՆԱ-ի անկումը մոտ 30 %-ով 2022 թ. 9 ամսվա համար: Այնուամենայնիվ, եթե էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվեն, ՀՆԱ-ի անկումը կարող է ավելի մեծ լինել»,- ըստ ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ ասել է նախարարը:
Սվիրիդենկոն նաև կարևորել է Ուկրաինային օժանդակության շարունակականությունը։ «Ուկրաինան հույս ունի ԱՄՆ-ի հետ երկկողմ առևտրային հարաբերությունների ամրապնդման և ներդրումների ապահովագրության մեջ ներգրավվածություն ունենալ»,- ասել է նա։ Երրորդ եռամսյակի ցուցանիշներից հետո էկոնոմիկայի նախարարությունը նշում էր 2022 թվականին ՀՆԱ-ի անկման հեռանկարի հնարավոր բարելավման մասին՝ 33,2 %-ից մինչև մոտ 30%։ Սակայն այն հետագայում բարելավվեց մինչև 32%՝ հոկտեմբերի վերջին՝ երկրորդ ընթերցման համար պետական բյուջեի նախագիծը մշակելիս։
«Հաշվի առնելով ՀՆԱ-ի գործառնական գնահատականը (ՀՆԱ-ի իրական անկումը 15,1 %-ով և 2-րդ եռամսյակում 37,2 %-ով) և ՀՆԱ-ի երրորդ եռամսյակում 35 %-ով և 4-րդ եռամսյակում 37 %-ով անկման գնահատմամբ տարեկան կանխատեսումը՝ ՀՆԱ-ի իրական անկումը 2022 թվականին ճշգրտվել է մինչև 32%»,- ասված է կառավարության պարզաբանման մեջ։ Բացի դրանից՝ 2023 թվականի համար ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,6 %-ից իջեցվել է 3,2 %-ի։ Հոկտեմբերի կեսերին Ուկրաինայի Ազգային բանկը բարելավել է այս տարվա տնտեսական անկման իր գնահատականը 33,4 %-ից մինչև 31,5%, բայց միևնույն ժամանակ վատթարացրել է հաջորդ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 5,5 %-ից մինչև 4%։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան