ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի պարոնայք, նախ բոլորիս շնորհավորում եմ և, առաջին հերթին, իհարկե, Արթուր Դավթյանին՝ պատմական հաղթանակի և հաջողության առիթով: Շնորհավորում եմ նաև պարոն Մերդինյանին, որովհետև, ինչքան հասկացա, Ձեր հաղթանակի մեջ էլ պատմական էլեմենտներ կան, ֆեդերացիային եմ շնորհավորում, մարզչական թիմին:
Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Հասկանալի է, որ նման հաջողություն կարող է ձևավորվել մի միջավայրում, որտեղ, նախ, տաղանդի շուրջ համախմբում և միայն թիմային աշխատանք կա, և ցանկանում եմ սա ընդգծել: Նաև պիտի ասեմ, որ նման հաղթանակները մեզ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր երկրին, ժողովրդին շատ հարկավոր են, և կարծում եմ, որ նման հաղթանակները նաև պատանիների, երեխաների մեծ ուշադրությունն են հրավիրում, որոնք իրենց հետագա կյանքը պլանավորելու կամ ուղղակի սպորտով զբաղվելու համար մեծ լիցք և հետաքրքրություն են ձեռք բերում:
Պիտի նաև գոհունակությամբ ընդգծեմ, որ հիմա առավել ևս շատ ուրախ եմ, որ որոշում ենք կայացրել, ըստ որի՝ մարմնամարզության նոր մարզադպրոց պիտի կառուցենք, որը զրոյից պետք է ստեղծվի, և ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին:
Պիտի անկեղծ ասեմ նաև, այս պատմական հաղթանակից հետո ես հետաքրքրվեցի, թե 2019 թվականի մեր բարեփոխումները՝ նվաճումների հասած մարզիկներին պատվովճարներ վճարելու, ինչ վիճակում են, և ինչ հարաբերությունների մեջ ենք մենք այս առումով: Կրկին պետք է գոհունակությամբ արձանագրեմ՝ այս դեպքում հստակ պատվովճարը գտել է իր հասցեատիրոջը, և հույս ունեմ նաև, որ օգնել է ինչ-որ ձևով, որպեսզի մի փոքր կտրվեք առօրեական գործերից և կենտրոնանաք բուն անելիքի վրա:
Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, պարոն Դավթյան, Ձեզնից, պարոն Մերդինյան, Ձեզնից, ֆեդերացիայից, մարզչական թիմից՝ այս պատմական նվաճման համար: Հույս ունեմ, որ նման նվաճումները Հայաստանի Հանրապետությունում կդադարեն լինեն պատմական»:
Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Վստահեցնում եմ Ձեզ՝ պետության ղեկավարի հետ հանդիպումը մեզ ուժ ու եռանդ է տալու, որ հետագայում էլ շարունակենք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքն առավելագույնս կատարել, որպեսզի հետագայում էլ կարողանանք մեր երկրի մարզական պատիվը բարձր պահել: Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև Կառավարությանը, պարոն Արայիկ Հարությունյանին, պարոն Գիլոյանին, որովհետև մշտապես ֆեդերացիան իր համագործակցության շրջանակներում աշխատում է պետության հետ: Վերջին տարիներին այդ աշխատանքն առավել լավ մակարդակի, լավ որակի է բարձրացել: Մեր մարզիկներն էլ փոփոխությունը տարեցտարի զգում են: Ինչպես Դուք նշեցիք, և՛ ֆինանսական մասով, պարգևավճարների, և՛ ընթացքում բազմաթիվ հարցեր են լինում, և մշտապես այդ հարցերը մաքսիմալ դրական լուծում են ստանում: Այդ ամենը նպաստում է, որպեսզի կարողանանք առավել մեծ ոգևորությամբ շարունակել մեր աշխատանքը»:
Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանն իրենց տպավորություններն են կիսել աշխարհի առաջնությունից և անդրադարձել առաջիկա ծրագրերին, այդ թվում՝ կապված օլիմպիական խաղերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են մարմնամարզության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ Կառավարության ֆինանսավորմամբ այժմ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին և կհամալրվեն ժամանակակից գույքով:
Անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորություններին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը զեկուցել է, որ 2022 թվականին, մինչ այս պահը, տարբեր սպորտաձևերից Հայաստանի մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 288 մեդալ, որից 101-ը՝ ոսկե:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը շարունակելու է մշտական ուշադրության կենտրոնում պահել սպորտի զարգացումն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերը: