Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են Keen Sword խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունները ճապոնական հարավարևմտյան կղզիներում:
Ծագող արևի երկրի պաշտպանության նախարարության տվյալով՝ զորավարժանքները տևելու են մինչև նոյեմբերի 19-ը: Դրանց կմասնակցի Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային, ծովային և օդային ուժերի շուրջ 26 հազար զինծառայող, ԱՄՆ կողմից՝ 10 հազար զինվոր, այդ թվում՝ Տիեզերական ուժերից:
Վարժանքներում ներգրավված է լինելու Ճապոնիայից և ԱՄՆ-ից շուրջ 30 նավ, ինչպես նաև մոտ 370 ինքնաթիռ: Նշվում է, որ վարժանքներում գործի կդրվի չորս ռազմանավ և երկու ինքնաթիռ՝ Ավստրալիայից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից:
Զորավարժանքները նաև ընդգրկելու են բալիստիկ հրթիռներին հակազդում և գործողություններ պաշտպանության նոր բնագավառներում, ինչպիսիք են տիեզերական տարածությունը և կիբեռտարածությունը:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան