ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 21-ՐԴ ՆԻՍՏԸ
Տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 21-րդ նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը և կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։
ՀԱՊԿ մամուլի ծառայության տվյալով՝ կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և դրանց հակազդման միջոցները։
«Սիդորովը հանդես է եկել կառույցի խաղաղապահ ներուժի զարգացման, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին զեկույցով»,- ասված է հայտարարության մեջ։
Քննարկումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է ՀԱՊԿ անդամների պաշտպանական գերատեսչությունների հետ ձևավորել ուսումնամարզական բազաների և ուսումնական կենտրոնների ցանկը, որոնք կարող են զբաղվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորմամբ, պատրաստմամբ և համակարգմամբ։
Դիտարկվել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պետական ռազմական ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպումը բարելավելու հեռանկարները:
Ակնկալվում է, որ ռազմական կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Բելառուսում 2023 թվականի առաջին կիսամյակում։
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ՝ ԽԵՐՍՈՆԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Խերսոնից Դնեպրի ձախ ափ ռուսական զորքերի անցումն իրականացվում է հաստատված պլանին համապատասխան՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Խերսոնից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը մեկնաբնաել է Ռեջեփ Էրդողանը: Նա այդ որոշումը դրական քայլ է անվանել, որը, Թուրքիայի նախագահի համոզմամբ, կարող է նպաստել ռուս-ուկրաինական բանակցությունների վերականգնմանը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը զգույշ են առաջ շարժվում՝ նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական կողմն առանց կռվի չի զիջի դիրքերը։ Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչն էլ կարծիք է հայտնել, որ Խերսոնի ճակատագիրը կարող է որոշվել մոտ ապագայում: Նա զգուշացրել է՝ ռուսական ուժերի իրական մարտավարությունը դեռ հայտնի չէ:
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ՝ ՄՈՏ 200 000
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմից մոտավորապես նույնքան կորուստներ կան: Միլլին հավելել է, որ նման կորուստները, ձմեռը, ինչպես նաև ռուսական զորքերը Խերսոնից Դնեպրի ձախ ափ նահանջի որոշումը կարող են Մոսկվային ու Կիևին ստիպել դադարեցնել մարտական գործողությունները և նստել բանակցային սեղանի շուրջ:
Միլլիի խոսքով՝ բանակցությունների հաջողության համար Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ընդունեն, որ հնարավոր չէ հաղթանակի հասնել ռազմական ճանապարհով:
ԶԵԼԵՆՍԿՈՒ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՌԴ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՑ
Ուկրաինայի նախագահի գրասենյակը խոսել է Մոսկվայի հետ բանակցելու հեռանկարներից: Գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է՝ «Կիևը գործընկեր կհամարի այն կողմին, որը կհամաձայնի բանակցել՝ հիմք ընդունելով Ուկրաինայի նախապայմանները... Կարևորը նախապայմաններն են, այլ ոչ թե դրանք ընդունողը»։
Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցություններն անհնար են, քանի դեռ ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վլադիմիր Պուտինը։
Նշվում է նաև, որ ուկրաինական կողմը կհամաձայնի բանակցել տարածքային ամբողջականության վերականգնման, երկրին պատճառված վնասների փոխհատուցման և ռազմական հանցանգործներին պատասխանատվության ենթարկելու դեպքում։
ԿԻԵՎԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ
Մոսկվան պատրաստ է քննարկել ԵՄ-ի հետ հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու ուղիները, սակայն ցանկացած առաջարկ պետք է հաշվի առնի ներկայիս զարգացումները և ձեռնտու լինի Ռուսաստանին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու՝ Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով: Զախարովայի համոզմամբ՝ Կիևին Արևմուտքի ռազմական աջակցությունը միայն սրում է իրավիճակը և չի նպաստում հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելուն: