ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի որոշմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները կհամալրվեն համակարգչային տեխնիկայով:
Նախատեսվում է ուսումնական հաստատություններին տրամադրել հուլիսի 10-18-ը Հայաստանում տեղի ունեցած Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի անցկացման նպատակով ձեռք բերված 320 դյուրակիր համակարգիչները:
Նախարարությունն իրականացրել է ուսումնասիրություն ուսումնական հաստատություններում առկա համակարգիչների քանակի, ուսանողների թվի և ըստ կուրսերի՝ խմբերի քանակի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին տարիներ շարունակ չեն հատկացվել համակարգիչներ, նախարարությունը նպատակահարմար է համարել Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ավարտից հետո համակարգչային տեխնիկան տրամադրել առավել քիչ համակարգիչ ունեցող քոլեջներին և ուսումնարաններին: Հաշվի առնելով նոր համակարգիչների տեխնիկական հզորությունը՝ մեկական համակարգիչ նախատեսվել է տրամադրել մյուս ուսումնական հաստատություններին, որոնց միջոցով հաստատության վերաբերյալ տեղեկատվությունը կմուտքագրվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգ: