ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ:
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ գիտնականներ, գիտության ասպարեզում նվաճումներ ունեցող և հանուն գիտության զարգացման ոչինչ չխնայող հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Մեր երկիրը կարիք ունի հետազոտական աշխատանքով զբաղվող բոլորանվեր լայնախոհների, որոնք իրենց աշխատանքի արդյունքում առավել ճանաչելի են դարձնում պետությունը:
Ամբողջ աշխարհում առկա ուղեղների արտահոսքի պայմաններում գիտությունն այլևս սահմաններ չի ճանաչում. անհատներն են, որ ստիպում են աշխարհին իրենցով ուրվագծել սահմանը, իրենց հարազատ երկրին նվիրել գյուտերն ու գիտական հայտնագործությունները:
Մաղթում եմ արագ ստանալ այն աշխատանքի պտուղները, որի համար գիշեր ու ցերեկ չեք առանձնացնում, որի համար պատրաստ եք կռիվ տալ ամենաբարձր ամբիոններում և հանուն որի հաճախ մնացյալը երկրորդական է թվում:
Թո՛ղ մեր երկրում շատ լինեն գիտնականները, որոնք նոր սերունդների համար կբացեն գիտության դռները»,- ասված է ուղերձում: