ԻՐԱՆԻ ԱԳՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին, հինգշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, տեղեկացրել է Pars Today-ը:
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այդ երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը և խիստ բողոքն է հաղորդվել Ադրբեջանի դեսպանին։ Ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը հայտարարել է, որ Իրանի բողոքն անմիջապես կփոխանցի Բաքվին։
40 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄԻ» ՄԻՋԵՎ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Նա նշել է, որ Անկախ երկրների համագործակցությունը ամենավճռական պատասխանն է Միացյալ Նահանգների պատժամիջոցներին:
Իրանի նավթի նախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանի և «Գազպրոմի» միջև ստորագրվել է 40 միլիարդ դոլարի համաձայնագիր։ Նախարարի խոսքով՝ Իրանը և Ռուսաստանը նաև ստորագրել են 4 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիր՝ հանքավայրերի զարգացման ոլորտում։
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 21-ՐԴ ՆԻՍՏԸ
Տեսակոնֆերանսի ռեժիմով կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 21-րդ նիստը։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և դրանց հակազդման միջոցները։
«ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հանդես է եկել կառույցի խաղաղապահ ներուժի զարգացման, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին զեկույցով»,- ասված է հայտարարության մեջ։
Քննարկումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է կառույցի անդամների պաշտպանական գերատեսչությունների հետ ձևավորել ուսումնամարզական կենտրոնների ցանկը, որոնք կարող են զբաղվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պատրաստմամբ։
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ՝ ԽԵՐՍՈՆԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Խերսոնից Դնեպրի ձախ ափ ռուսական զորքերի անցումն իրականացվում է հաստատված պլանին համապատասխան՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Խերսոնից զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի հայտարարությունը մեկնաբանել է Ռեջեփ Էրդողանը: Նա այդ որոշումը դրական քայլ է անվանել, որը, Թուրքիայի նախագահի համոզմամբ, կարող է նպաստել ռուս-ուկրաինական բանակցությունների վերականգնմանը:
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը զգույշ են առաջ շարժվում՝ նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները։ Նախագահի գրասենյակից հավելել են, որ ռուսական ուժերի իրական մարտավարությունը դեռ հայտնի չէ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
Միացյալ Նահանգներում շարունակվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների հաշվարկը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատում Հանրապետականներն առավելություն ունեն։ Սենատի ճակատագիրը դեռ հայտնի չէ. վերջին տվյալով՝ այստեղ դեմոկրատների և հանրապետականների մանդատները հավասար են բաշխվել: Վերլուծաբանները չեն բացառում, որ Սենատում մեծամասնության ճակատագիրը կորոշվի միայն հաջորդ ամիս՝ Ջորջիայում ընտրությունների երկրորդ փուլից հետո։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԵՆ
Ֆրանսիայում տրանսպորտի ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Հասարակական տրանսպորտը կաթվածահար է: Փարիզում մետրոյի մի շարք կայարաններ չեն գործում։ Ցույցերի մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, բողոքում էներգետիկ ճգնաժամի և գնաճի դեմ:
Ցույցերը շարունակվել են նաև Հունաստանում: Պետական և մասնավոր հատվածի բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։ Ցուցարարները բողոքում են ցածր աշխատավարձի և կենսամակարդակի անկման դեմ։
Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ: