Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Գիտության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.
«Հարգելի՛ գիտնականներ,
Գիտության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Յուրաքանչյուր տարի այս օրը՝ նոյեմբերի 10-ին, ամբողջ աշխարհում նշվում է Գիտության համաշխարհային օրը: Այն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու պետության և հասարակության կյանքում գիտության և գիտնականի կարևորությունը:
ՀՀ Սահմանադրությունը գիտության զարգացման խթանումը հռչակում է որպես պետության պարտականություն: Կառավարությունը գիտությունը դիտարկում է որպես Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարերից մեկը, որի զարգացումը հնարավորություն է ընձեռելու Հայաստանին՝ դիմակայելու ներկայիս և ապագայի մարտահրավերներին։
Գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու և ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով Կառավարությունը 2022 թվականին գիտության ֆինանսավորումը 2021 թվականի համեմատ ավելացրել է 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրել է 2,5 անգամ:
Զարգացած գիտական համակարգը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը միջազգային հարաբերություններում և գլոբալ արժեքային շղթաներում և հանդիսանա արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից:
Պետության և հասարակաության կյանքում գիտության կարևորության և գիտնականի դերի մասին կարելի է խոսել շատ երկար, սակայն ամփոփելով՝ ուզում եմ փաստել, որ գիտությունը և գիտնականը պետության հատուկ հոգածության ներքո են:
Սիրելի՛ գիտնականներ, գիտության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, երախտապարտ եմ ձեր նվիրումի, հաստատակամության, լույսի և գիտության ջահակիրը լինելու դժվարին առաքելության համար: Խնդրում եմ՝ այսուհետ ևս շարունակեք ձեր ներուժը, գիտելիքը և կարողությունը ծառայեցնել մեր երկրում գիտության զարգացմանը՝ ի նպաստ Հայաստանի կայուն և գիտելիքահեն առաջընթացի»: