Գազի պակասը և այլընտրանքների որոնումը ստիպում են ավելի ակտիվորեն օգտագործել դիզվառելիքը ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության համար, ինչը կարող է այդ վառելիքի դեֆիցիտ ստեղծել Եվրոպայում մինչև գարուն՝ առաջացնելով էներգակիրների գների հերթական աճ՝ գրում է Bloomberg-ը։ Գարնան սկզբին մայրցամաքում դիզվառելիքի պաշարները կհասնեն նվազագույնի վերջին 12 տարում, և չնայած այն հանգամանքին, որ կազմակերպություններն ակնկալում են պաշարներ կուտակել մինչև 2023 թվականի հունվարը: Վերլուծաբան Ջեյմս Բերլիի պնդմամբ, սակայն, պատժամիջոցները խթան կհաղորդեն սեփական արտադրությանը Եվրոպայում։
Միայն նոյեմբերին, Woodmac-ի կանխատեսումների համաձայն, Հյուսիսարևմտյան Եվրոպայում հում նավթի վերամշակումը կավելանա 420 հազար բարելով՝ հասնելով 6,14 միլիոն բարելի։ «Ակնկալում ենք, որ դեկտեմբերի վերջին բենզինի և դիզելային պաշարները կավելանան գրեթե երեք միլիոն բարելով»,- ասել է Բերլին:
Եվս մեկ պատճառ կա, թե ինչու ԵՄ-ն չի կարողանում բավարար պաշարներ կուտակել. դա դիզվառելիքի բորսայական առևտրի կազմակերպումն է: Եվրոպայում դիզվառելիքի մատակարարման հետ կապված տեղական խնդիրներն արդեն նկատվում են: Օրինակ՝ Իսպանիայում դիզելային վառելիքի մատակարարման ընդհատումներ են գրանցվել։ Տեղական ընկերությունները դիզելային վառելիքի պահանջարկի կտրուկ աճը պայմանավորում են Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմամբ, նման պայմաններում շատ սպառողներ ընտրել են դիզվառելիքը որպես այլընտրանքային միջոց:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան