Ապառազմականացման առաջարկ արել և անում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի:
Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով հետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցի, 2 դպրոցի, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցու, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերու արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են»,- ասաց Փաշինյանը: