ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ՝ ԽԵՐՍՈՆԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի աջ ափից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը, նշել, որ Ուկրաինայի հարավում զինված ուժերը զգույշ են առաջ շարժվում՝ նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական կողմը չի պատրաստվում առանց կռվի զիջել դիրքերը։ Նա նաև տեղեկացրել է, որ ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում:
Խերսոնի շուրջ զարգացումներին է անդրադարձել նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը. նա կարծիք է հայտնել, որ Խերսոնի ճակատագիրը կարող է որոշվել մոտ ապագայում: Արեստովիչը, այնուամենայնիվ, զգուշացրել է՝ ռուսական ուժերի իրական մարտավարությունը դեռ հայտնի չէ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Խերսոնի շրջանից ռուսական զորքերի դուրսբերումը դրական քայլ է համարել:
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԲԱՅԴԵՆ
New York Times-ը ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների թարմացվող արդյունքները: Դրանց համաձայն՝ Սենատում հանրապետականները ստանում են են 49 մանդատ, դեմոկրատները՝ 48: Ներկայացուցիչների պալատում հանրապետականներին բաժին կհասնի 207 տեղ, դեմոկրատներին՝ 189:
Ընտրությունների ավարտին նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամուլի ասուլիսով, նշել՝ երկրի բոլոր նահանգներում գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն, ընտրություններն անցել են առանց որևէ միջամտության:
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական միասնական մոտեցումն Ուկրաինային աջակցելու հարցում՝ չնայած հանրապետականների դիրքորոշմանը:
Նա մեկնաբանել է նաև Խերսոնի շուրջ ստեղծված իրավիճակը. Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը Խերսոնից Դնեպրի ձախ ափ նահանջի որոշումը ցույց է տալիս, որ Մոսկվան որոշակի խնդիրների է բախվել:
Բայդենն անդրադարձել է Չինաստանի հետ հարաբերություններին, նշել՝ մտադիր է Ինդոնեզիայում G20-ի շրջանակում Սի Ծինփինի հետ քննարկել Թայվանի հարցը և կղզուն ցուցաբերվող ամերիկյան օգնությունը:
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բալիում նոյեմբերի 15-16-ը նախատեսված G20 գագաթնաժողովին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգի Նիկիֆորովն էլ տեղեկացրել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, սակայն, ամենայն հավանականությամբ, առցանց ձևաչափով։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սամարղանդում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի արտգործնախարարների հանդիպումը: Նախատեսվում է, որ դիվանագետները կքննարկեն ոլորտային մի շարք փաստաթղթեր, որոնք կստորագրվեն նոյեմբերի 11-ին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Նշվում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության երկրները կստորագրեն նաև առևտրի դյուրացման ռազմավարությունը։
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ այդ փաստաթղթերը կնախագծեն 2022-2026 թվականներին կառույցի երկրների զարգացման հեռանկարները: Վլադիմիր Նորովն ընդգծել է տրանսպորտի ոլորտում գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հարկավոր է ստեղծել միասնական տրանսպորտային տարածք, որը կկապի կազմակերպության երկրների շուկաները համաշխարհային շուկաների հետ։
ԵՄ-Ն 1 ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապօրինի հորատման և հետախուզական աշխատանքների համար՝ հայտնում են Եվրամիության խորհրդից: Սահմանափակումները կգործեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը:
Կիպրոսի ափերի մոտ գազի պաշարների որոնողական աշխատանքների համար Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2019 թվականին։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են թուրքական էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ։ Այդ անձանց մուտքը ԵՄ տարածք արգելված է, ԵՄ երկրների բանկերում նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման։