Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից, իբր, իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար: Կառավարության նիստի ընթացքում այս պնդումն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչդեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստով:
Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան որևէ հիշատակում:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք:
9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա, և խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցության մասին է:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»:
Այսինքն՝ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել, խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է, ընդ որում՝ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն բնականաբար չի կարող լինել: Միայն սա կարող է անել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով, որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար: