Տեսակապի ձևաչափուվ տեղի է ունեցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի 21-րդ նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը և կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։ ՀԱՊԿ մամուլի ծառայության տվյալով՝ կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերները և դրանց հակազդման միջոցները։
«Սիդորովը հանդես է եկել կառույցի խաղաղապահ ներուժի զարգացման, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին զեկույցով»,- ասված է հայտարարության մեջ։
Քննարկման արդյունքներով ՀԱՊԿ միացյալ շտաբին հանձնարարվել է ՀԱՊԿ անդամների պաշտպանական գերատեսչությունների հետ ձևավորել ուսումնամարզական բազաների և ուսումնական կենտրոնների ցանկը, որոնք կարող են զբաղվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորմամբ, պատրաստմամբ և համակարգմամբ։
Դիտարկվել են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պետական ռազմական ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպումը բարելավելու հեռանկարները:
Ակնկալվում է, որ ռազմական կոմիտեի հաջորդ նիստը կանցկացվի Բելառուսում՝ 2023 թվականի առաջին կիսամյակում։