ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ասաց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը:
Եվ այս հաղորդակցությունը, Փաշինյանի խոսքով, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է:
«Սա ակնհայտ է դարձնում նաև 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ:
Ըստ այդմ, անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի կամ որևէ այլ հայտարարության հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի:
Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը:
Սա, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից:
«Ընդ որում՝ նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է: Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք, ուրեմն, այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք: Պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, սկզբից կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նման պարտավորություն չունի:
«Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում: Եվ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տալ իր համաձայնությունը: Իսկ համաձայնություն չի կայանում միայն մի պատճառով. Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռք բերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»,- ասաց Փաշինյանը: