Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես ասվածի օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:
Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի:
Այս պնդումն ինքնին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը»:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում:
«Զուգահեռաբար, Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ, և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը «իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է»: Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում՝ կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով: Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է: Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք, իրենց հերթին, կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունած հայտարարություններից առնվազն երեքը»,- ասաց Փաշինյանը: