Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Իսլանդիայի Հանրապետություն, որտեղ մասնակցում է «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» խորագրով ամենամյա համաժողովին:
Այն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ. մեկնարկը 2018-ին էր: Ֆորումը համախմբում է 85 երկիր ներկայացնող հարյուրավոր կանանց՝ ամենատարբեր ոլորտներից՝ քաղաքականությունից բիզնես, արվեստից գիտություն: Նպատակն է՝ բարձրացնել կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում, ավելացնել կանանց թիվը ղեկավար պաշտոններում:
Վարչապետի տիկինը ներկա է եղել մի շարք պանելային քննարկումների՝ «Գոյության գինը», «Եկեք խոսենք մետատիեզերքից», «Մենթորությունը լավ է, հովանավորությունը` ավելի լավ», «Վերաիմաստավորենք գումարը», «Գործունեության ուժը», «Աշխարհաքաղաքականության տարիքը», «Ժամանակակից քաղաք» խորագրերով:
Բանախոսների թվում էին «Մաստերքարտի» գործադիր փոխնախագահ Անն Քերնը, «Իսլանդսբանկի» գլխավոր գործադիր տնօրեն Բիրնա Էյնարստոդիրը, HTC ընկերության փոխնախագահ Հերլի Չենը, Binance-ի փոխնախագահ Ջոան Կուբբան, Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Դանիելա Շակիսը, «Վերիտաս Վենչուրի» գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Վերա Ֆուտորյանսկին, Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ, WPL դեսպան Ինգրիդ Լեարին և այլք:
Պանելային քննարկումների բովանդակային օրակարգը ծավալուն էր, իսկ յուրաքանչյուր քննարկման անկյունաքարային հարցը կանանց դերի բարձրացումն է, սեռական բռնության բացառումը: Մասնակիցները վստահ են՝ կանանց ներգրավվածությամբ նոր նշաձողեր սահմանելու համար անհրաժեշտ է ներդնել կոշտ մեխանիզմներ:
Աննա Հակոբյանը կարճ զրույցներ է ունեցել «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» համաժողովի համահիմնադիր և խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի, ֆորումի մասնակիցների, բանախոսների հետ, ներկայացրել է Հայաստանը՝ հույս հայտնելով մեկ օր նրանց տեսնել նաև Հայաստանում:
Ամենամյա այս ֆորումին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ, նախորդը 2019 թվականի նոյեմբերին էր: