Մոսկվան և հայ ու ադրբեջանցի գործընկերները սերտորեն համակարգում են խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդման, մասնավորապես՝ հասարակական, փորձագիտական շրջանակների, խորհրդարանականների միջև երկխոսությունը զարգացնելու ուղղությամբ։ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները հիմք դարձան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման մեկնարկի համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ գործող Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքը հույժ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման առումով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներում ռուս խաղաղապահների դեմ հնչող հայտարարությունները.
Մարիա Զախարովա - Մենք վատ ենք վերաբերվում ցանկացած քարոզչական արշավի թե՛ լրատվական, թե՛ քաղաքական դաշտում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեությանը, երեք երկրների ղեկավարները Սոչիում նշել են խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ընդգծել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը. դա արձանագրվել է համատեղ հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին Մարիա Զախարովան նշել է, որ կողմերի վաշինգտոնյան բանակցություններն անցել են՝ հաշվի առնելով Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները:
Մարիա Զախարովա - Տեսել ենք երկու երկրի մեկնաբանությունները: Դրանց համաձայն՝ շարունակվում է մտքերի փոխանակումը խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեմայով: Վաշինգտոնյան քննարկումն անցկացվել է՝ հաշվի առնելով նաև Սոչիի գագաթնաժողովի արդյունքները: Չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններից:
Հիշեցնեմ՝ հոկտեմբերի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Մենք կաջակցենք այս գործընթացին։ Ինչ վերաբերում է խնդիրների կարգավորման հարցում Ռուսաստանի դերին, Սոչիում առաջնորդները վերահաստատել են իրենց հավատարմությունը եռակողմ բոլոր պայմանավորվածություններին։ Այս ամենն ընկած է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների հիմքում։
Զախարովան եզրափակել է՝ Մոսկվան երկար տարիներ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իսկ հիմա՝ որպես բազմաթիվ հայտարարությունների կողմ, անում է հնարավորը՝ լուծելու այս երկարամյա հակամարտությունը: