Կարևոր չէ՝ սխալ կամ կրկնակի մուծած մաքս է, ԵԱՏՄ տուրք, ԱԱՀ, ակցիզային հարկ, թե միասնական մաքսային վճար, եթե անհրաժեշտ գումարից շատ է մուծվել, պետությունը վերադարձնում է տարբերությունը: Պատասխանատու կառույցն էլ՝ ՊԵԿ-ը, տնտեսվարողի բեռը թեթևացնելու, մաքսային վարչարարությունը բարելավելու համար սեպտեմբերի 1-ից դյուրացրել ու արագացրել է կարգը: Նախ դիմում լրացնելու հարցում է պարզեցում եղել:
Աննա Բերակչյան (ՀՀ ՊԵԿ ՄՎԵՀ վարչության մաքսային գանձումների համակարգման բաժնի պետ) - Ավել վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը կատարվում է վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա, ընդ որում՝ այստեղ օրենսդիրը լիազորել է վերադաս մաքսային մարմնին հաստատելու դիմումների միասնական ձևը:
Դիմումի ձևը արդեն ՊԵԿ-ի կայքում է: Այն ձեռքով պետք է լրացնել՝ դեռ, նախատեսում են առաջիկայում գործարկել նաև դիմումի ավտոմատ լրացման հնարավորությունը:
Մաքսայինում էական նվազեցրել են նաև վերադարձի ժամկետները: Նախկին կարգով, օրինակ՝ ավել վճարած մաքսն ու հարկը վերադարձվում էին 15-20 աշխատանքային օրվա ընթացքում:
Աննա Բերակչյան - Այժմ նոր գործող կարգով տնտեսվարողին հասանելի են այդ գումարները 3-5 աշխատանքային օրերի ընթացքում:
Սովորաբար տնտեսվարողները գերավճարը ուղղում են հետագա մաքսային պարտավորության մարմանը, բայց եթե ցանկություն է առաջացել հետ ստանալ ավել մուծած մաքսատուրքը, հարկը կամ տուգանքը, մաքսային մարմինը վերադարձնում է գումարը: Այդ դիմումը ներկայացնելու ընթացակարգը ևս պարզեցվել է՝ մի քանիսի փոխարեն այն այժմ անցնում է ընդամենը մեկ ստորաբաժանումով:
Աննա Բերակչյան - Այժմ հնարավորինս օպտիմալացվել են աշխատանքները, և համակարգող ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո և համապատասխան հսկողական աշխատանքներ կատարելուց հետ, հարկերի մասով վերադարձման ենթակա գումարների փաթեթները ներկայացնում է ֆինանսների նախարարություն, որն էլ կատարում է վերջնական գումարների փոխանցումը:
Միայն հարկերի մասով, որովհետև ներմուծման մաքսատուրքի, ԵԱՏՄ ու մյուս տուրքերի վերադարձը կատարում է ՊԵԿ-ը՝ client-tresury (քլայենթ թրեժըրի) համակարգի միջոցով: Եվ եթե հարկերի վերադարձի պարագայում ժամկետը 3-5 օր է, այս դեպքում հետվճարումը սահմանված այս ժամկետից էլ արագ է կատարվում: