ԻՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թեհրանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Շուշիում արած հայտարարություններին, ինչպես նաև Հայաստանին, Իրանին, միջազգային հանրությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար ջանքեր գործադրող կողմերին ուղղված սպառնալիքներին:
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Նասեր Քանանիի խոսքով՝ մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումը որևէ կերպ ուղղված չէ մյուս հարևանի դեմ: Պաշտոնյան ընդգծել է նաև երկրների տարածքային ամբողջականության պահպանման և օրենքի ու միջազգային իրավունքի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացներով պետք է զբաղվեն տարածաշրջանային երկրները, այլ ոչ թե արտաքին ուժերը: Իրանը պատրաստ է նպաստելու երկու երկրների միջև դեռևս առկա խնդիրների կարգավորմանը»,- ասել է Քանանին։
Անդրադառնալով Ալիևի խոսքին, թե ի պաշտպանություն Հայաստանի զորավարժություններ անցկացնող երկրները պետք է իմանան, որ Ադրբեջանի բանակը հարկ եղած դեպքում համապատասխան արձագանք կտա, Նասեր Քանանին ասել է. «Ադրբեջանի հետ սահմանին իրանական վերջին զորավարժությունները ծրագրված են եղել նախապես, հարևանները պաշտոնապես տեղեկացվել են այդ մասին»:
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև անընդունելի է համարել այն փաստը, որ Բաքվին անհանգստացնում են Թեհրանի և Երևանի շփումները:
ՇՎԵԴԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՔՐԻՍՏԵՐՍՈՆ
Անկարան հուսով է, որ Շվեդիան կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն Ստոկհոլմից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո։
«Խոսքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հակազդելու մասին է: Այդ կազմակերպությունն օգտագործում է Շվեդիայի ժողովրդավարական մթնոլորտը սեփական շահերի համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև բարձր է գնահատել, որ Շվեդիան վերացրել է Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարման սահմանափակումները։ Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում Ստոկհոլմում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը:
Շվեդիայի վարչապետը նշել է, որ Ստոկհոլմը կկատարի Անկարայի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի այն անդամներից մեկն է, որն ամենաշատն է տուժել ահաբեկչությունից: Շվեդիան կկատարի իր բոլոր պարտավորությունները»,- հավելել է Քրիստերսոնը։
ԱՄՆ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՄՆ-ում ավարտվել են միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիներն ընտրում էին Ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 անդամի, ինչպես նաև 36 նահանգի օրենսդիր մարմին, պետքարտուղար և նահանգապետ:
Նախնական տվյալով՝ Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստացել է 220 տեղ՝ առաջ անցնելով Դեմոկրատական կուսակցությունից, որը ստացել է 215 մանդատ, հայտնում է NBC News-ը։
Հեռուստաալիքը նաև կանխատեսում է, որ դեմոկրատներից Կոնգրես կարող է մտնել Ներկայացուցիչների պալատի ներկա խոսնակ Նենսի Փելոսին։
Նշվում է նաև, որ եթե Ներկայացուցիչների պալատի դեպքում առաջատարը հանրապետականներն են, ապա Սենատի ճակատագիրը դեռևս պարզ չէ:
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցներին հասանելի նախնական տեղեկատվության համաձայն՝ հանրապետականները հաղթել են 22 նահանգում, դեմոկրատները՝ 13-ում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները կնախանշեն ԱՄՆ-ի և երկրում ժողովրդավարության ճակատագիրը։