ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի հետ կապված հարցեր:
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական գործակցության հեռանկարներին:
ԱՄՆ ԵՎ ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԼԱՐՎԱԾ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարված են և լարված էլ կմնան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների՝ այժմ ամփոփվող արդյունքները որևէ կերպ չեն ազդի երկու երկրի գործակցության դինամիկայի վրա:
Պեսկովը տեղեկացրել է նաև, որ Կրեմլը մի քանի օրից կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բալիում G20 գագաթնաժողովին։ «Մասնակցության ձևաչափերը դեռ քննարկվում են»,- հավելել է խոսնակը։
ԱԷՄԳ-Ն ՏԵՍՈՒՉՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ. ԳՐՈՍԻ
«Կեղտոտ ռումբ» ստեղծելու համար Կիևին Մոսկվայի ներկայացրած մեղադրանքներից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեսուչներ է ուղարկել Ուկրաինա՝ հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: Նա նշել է, որ այդ մեղադրանքները հաստատող փաստեր չեն հայտնաբերվել:
Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները չեն հեռացել Զապորոժիեի ատոմակայանից և օգնում են ստույգ տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում ԱԷԿ-ում:
Անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին՝ Ռաֆայել Գրոսին վստահեցրել է, որ Թեհրանն առայժմ կատարում է միջուկային ծրագրով ստանձնած պարտավորությունները։
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը մեռած չէ: Բանակցությունները շարունակվում են, թեև շատ դանդաղ»,- նշել է նա:
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌԴ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՀԱՐՑՈՒՄ
Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների հարցում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Նա տեղեկացրել է նաև, որ երկու երկրի պատվիրակությունների հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու մասին:
ԳՆԱՃԻ ԴԵՄ ՑՈՒՅՑԵՐ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Աթենքի կենտրոնում ցույցեր են ընթանում: Պետական և մասնավոր հատվածի մի շարք աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, հասարակական տրանսպորտը կաթվածահար է։ Հանրահավաքներ և ցույցեր են անցկացվում նաև Հունաստանի այլ քաղաքներում։ Ցուցարարները բողոքում են գնաճի, ցածր աշխատավարձի և կենսամակարդակի անկման դեմ։ Լրատվամիջոցների տվյալով՝ անկարգություններ են արձանագրվել, ոստիկաններն արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։