Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երևանի մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Այցի ընթացքում կիրառվել են տեղադիտման, դիտման, մասնագետների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդները։ Ուսումնասիրվել է հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և համապատասխան փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և կիրառելի չափանիշներին:
Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը:
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց մի մասն իրենց բնույթով համակարգային է և բնորոշ է երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող մի շարք այլ հաստատությունների։ Այսպես.
• երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ, մասնագիտական աշխատանքի ձևաչափեր կամ այլ կարգավորումներ: Մինչդեռ միայն այս դեպքում է հնարավոր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.
• բազմամասնագիտական թիմի ներսում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, որը գործնականում կերաշխավորի երեխայի լավագույն շահի և նրա զարգացման հնարավորությունների նկատմամբ հարգանքի սկզբունքները։ Արձանագրվել է, որ առկա է բազմամասնագիտական թիմի աշխատանքների հստակ կանոնակարգման անհրաժեշտություն։ Հաստատությունում ներդրված չեն դեպքերի վարման հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ.
• մասնագիտական հստակ և թիրախային աշխատանքների արտացոլման նպատակով բացակայում են արդյունավետ փաստաթղթավորման մեխանիզմները, ինչի հետևանքով անհասկանալի է, թե բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար ինչ ընդհանուր նպատակներ են սահմանվել, դրանց հասնելու համար կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվել, և ինչ խնդիրներ են վերհանվել դրանց արդյունքում։ Մասնագետները հիմնականում կատարում են կարճ և ընդհանրական բնույթի գրառումներ որոշակի ժամանակահատվածում նախատեսվող և իրականացվող աշխատանքների վերաբերյալ, որոնք չեն արտացոլում աշխատանքների մեթոդաբանությունը, բնույթը և հաճախ նույնատիպ են երեխաներից շատերի համար։ Արդյունքում՝ նեղ մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, որոշ դեպքերում դրանք կրում են ձևական բնույթ և հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ.
• արձանագրվել են դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ։ Մինչդեռ այս դեպքերում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել երեխաների փոխհարաբերությունները պահպանելու, հուզական կապն ամրապնդելու ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքի իրացման տեսանկյունից։ Այս դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել հաստատության տարբեր խմբերում գտնվող և ազգական համարվող երեխաների հանդիպումները, շփումները, համատեղ զբաղմունքներն առավելագույնս խթանելու ուղղությամբ.
• ներդրված չեն որդեգրող, խնամատար ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման մասնագիտական մոտեցումների և փաստաթղթավորման, ինչպես նաև մասնագիտական գնահատման արդյունքների ներկայացման արդյունավետ և համակարգված մեխանիզմներ։ Օրինակ՝ գրանցվել են դեպքեր, երբ երեխայի խնամքը կազմակերպվել է խնամատար ընտանիքում, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հրաժարվել է խնամատարությունից, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։ Մինչդեռ առանձնազրույցների ընթացքում որոշ մասնագետներ նշել են, որ իրենց համար կանխատեսելի է եղել նման ելքը, սակայն իրենց մասնագիտական դիտարկումները հաշվի չեն առնվել։ Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ խնամատարության հարցի որոշման գործընթացում ներդրված չեն գործուն ընթացակարգեր, որոնք արդյունավետ կդարձնեն հաստատության մասնագետների մասնակցությունը երեխաների վերաբերյալ որոշումների կայացման հարցում, ինչի հետևանքով ոչ միշտ է պահպանվում «մի՛ վնասիր» սկզբունքը.
• արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել։ Մշտադիտարկման արդյունքները և Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այս դեպքում բացակայում է միջգերատեսչական արդյունավետ համակագործակցությունը։ Թեև նման դեպքերում երեխաների տեսակցությունների ապահովումը պետք է իրականացվի տարածքային կառավարման մարմնի կողմից, սակայն հաստատությունն էլ իր հերթին, լինելով հաստատությունում գտնվող երեխայի իրավունքների պաշտպանություն իրականացնող կառույց, պետք է առաջնորդվի իր կողմից խնամվող երեխայի լավագույն շահով և այս նպատակով իրավասու մարմիններին ներկայացնի արձանագրված խնդիրները՝ պահանջելով երաշխավորել երեխայի իրավունքները: Այս կապակցությամբ Պաշտպանն ընդգծում է, որ երեխայի իրավունքների պաշտպանության պարտավորություն ունեցող պետական մարմինների և հաստատությունների միջև միջգերատեսչական համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրումը էական նշանակություն ունի երեխաների իրավունքների խախտումների, որոշ դեպքերում նաև անդառնալի հետևանքների կանխարգելման հարցում.
• ընտանիքների հետ իրականացվող աշխատանքները սահմանափակվում են միայն տեսակցությունների կազմակերպմամբ, այն դեպքում, երբ սոցիալական աշխատողի աշխատանքային պարտականությունների հաստատված ուղղություններից են շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ սոցիալական աշխատանքի իրականացնումը, շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին սոցիալական խորհրդատվության և կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանն ուղղված աջակցություն տրամադրելը, ինչպես նաև սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում ուղղորդումը և համապատասխան աջակցության ցուցաբերումը: Նշվածը կարևոր է նաև այն նկատառմամբ, որ որոշ դեպքերում երեխայի՝ հաստատությունում խնամքի կազմակերպումը պայմանավորված է ընտանիքի՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվելու կամ սոցիալական այլ խնդիրներ ունենալու հանգամանքով.
• այցի ընթացքում բոլոր խմբերում միացված են եղել հեռուստացույցները՝ հիմնականում բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ։ Այս դեպքում ներդրված չէ տեսանյութերի կիրառման հստակ մեթոդաբանություն՝ ժամային և բովանդակային բաղադրիչներով, ինչը հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով հաստատությունում խնամվող երեխաների տարիքը, որոշ դեպքերում՝ վարքային առանձնահատկություններն ու զարգացման հնարավորությունները.
• պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորման սպառման հետևանքով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում։ Ըստ բուժանձնակազմի տեղեկությունների՝ հետազոտությունները հնարավոր կլինի իրականացնել միայն դեկտեմբեր 16-ից հետո: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ թեև ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ նախատեսված է, որ «պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով»` բացառությամբ նախատեսված դեպքերի, այնուամենայնիվ, նշված խնդիրը տևական բնույթ ունի, որը տարիներ շարունակ բարձրացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ առաջարկելով բժշկական կենտրոններում ուժեղացնել հսկողությունը և ապահովել ֆինանսական միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխումը.
• առկա չեն եղել երեխաների հանդեպ կամ երեխաների միջև բռնության դեպքերի գրանցման, ինքնավնասումների մատյաններ, իսկ վերաբերելի տեղեկությունները տարբեր մասնագետների կողմից լրացվում են հիմնականում այլ փաստաթղթերում՝ չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները.
• հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ, ինչի պատճառով բացառված չէ, որ դրանք լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ: Անկողնային պարագաները, սանրերը թեև անհատականացված էին, սակայն գործնականում դրանք բաշխված չէին ըստ նշումների։ Սա անընդունելի է ոչ միայն սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
• որոշ խմբասենյակներում սպասքի, օրինակ, բաժակների, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումը անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են։ Թե՛ հագուստի և ներքնազգեստի, թե՛ սպասքի անհատականացման հարցի առնչությամբ աշխատակիցները նշել են, որ իրենք գիտեն, թե տվյալ սպասքը կամ հագուստը ում է պատկանում։ Չնայած այս փաստարկին՝ արձանագրվել է նաև, որ բացառված չէ անձնական պարագաների շփոթում.
• որոշ խմբասենյակներում սպասքի ախտահանման համար նախատեսված լուծույթով տարաները, էլեկտրական սալիկները դրված են եղել հատակին կամ երեխաների համար հասանելի բարձրության վրա։ Այս դեպքում, հաշվի առնելով խմբում երեխաների և աշխատակիցների թվի հարաբերակցությունը (հիմնականում՝ 12-14 երեխա, 2 աշխատակից), ապահովված չէ երեխաների անվտանգությունը դժբախտ պատահարներից.
• այցի ընթացքում պահպանված չեն եղել սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, օրինակ՝ նմուշառումն իրականացվում է երկրորդ ճաշից, իսկ նախաճաշի համտես և նմուշառում առհասարակ չի կատարվում, որոշ դեպքերում ճաշատեսակների նմուշների տարաների վրա գրառումներն անընթեռնելի են եղել, բացակայել են նմուշառման ժամը և այլ պարտադիր պահանջներ.
• տնտեսական պահեստում առկա են եղել ժամկետանց մաքրման միջոցներ.
• այցի պահին խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բավարար չի եղել.
• հաստատության շենքային պայմանները մասնակի են հարմարեցված եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, ինչի հետևանքով, օրինակ՝ սայլակով տեղաշարժվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են շենք մատչելի հատվածներում:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին։