Մտնել պոլիկլինիկա և հերթեր տեսնել, գնալ ամբուլատոր քարտի հետևից, անցնել մի սենյակից մյուսը: Շենքային վատ պայմաններ և կադրերի ու սարքավորումների լուրջ խնդիր. առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը թվարկում է առաջնային օղակում հաճախ հանդիպող խնդիրները և նշում, որ արդեն մեկ տարի է՝ դրանց լուծման ուղղությամբ բարեփոխումներ են սկսել:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Խնդիրներից մեկը, եթե վերցնենք հերթերը, էդտեղ ներդնում ենք էլեկտրոնային առողջապահություն: Հերթերի կառավարում: Մեծ աշխատանք է տարվել հենց էլեկտրոնային առողջապահության մասով թվայնացման, փաստաթղթաշրջանառության, մատյանների թվայնացում, անաշխատունակության թերթիկի թվայնացում, այս պահին արդեն իսկ դեղատոմսերն ենք թվայնացրել:
Պոլիկլինիկաներին նախարարության տրամադրած դեղորայքը արդեն իսկ դուրս է գրվում էլեկտրոնային տարբերակով: Սկսել են հունիսից: Այդ ամիս էլեկտրոնային դեղատոմսերը եղել են 3044-ը, նախորդ ամիս արդեն՝ 60 հազար և ավելի:
Արտակ Ջումայան - Ցանկից ընտրվում է համապատասխան դեղորայքը համակարգի մեջ, դոզան, քանակը և ուղղորդվում է դեղատուն: Պացիենտը, դիմելով դեղատուն, ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը կամ ՀԾՀ-ն, կամ ID համարը, դեղատան աշխատողը արդեն տեսնում է, որ կա էլեկտրոնային դեղատոմս, տալիս է դեղորայքը մեկ հպումով, որ դեղորայքը տրամադրվել է, դրանով ավարտվում է, որևիցե թուղթ գոյություն չունի:
Էլեկտրոնային հերթագրումների դինամիկայի աճ նույնպես կա:
Արտակ Ջումայան - 1000-ից ավելի հավելվածից օգտվող պացիենտներ ունենք: Գոնե միջինը տարեկան մեկ անգամ իրենք օգտվում են էլեկտրոնային հերթագրման համակարգից: Հերթագրումը լինում է և՛ հավելվածի, և՛ համակարգչի միջոցով:
Ի դեպ, փոխնախարարը խորհուրդ տվեց թարմացնել «Արմեդ» հավելվածը, ասաց՝ մեծացել է դրա ֆունկցիոնալությունը՝ ապահովագրության, հաշմանդամության կարգի և անապահովության միավորի մասին տվյալներ կան, ծնողները իրենց երեխաներին հերթագրելու հնարավորություն ունեն:
Առաջնային օղակի կադրերի վերաբերյալ Արտակ Ջումայանը նշեց՝ աշխատում են մասնագիտական ռեգիստրի վրա, որը նաև կօգնի բացահայտելու խնդիրները:
2023 թվականին առաջնային օղակում աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: Բայց դա լինելու է բոնուսային համակարգով՝ գնահատելով աշխատանքի որակն ու քանակը:
Արտակ Ջումայան - Արդեն իսկ այդ բոնուսային համակարգը կա, բայց և՛ ցուցանիշներն են թերի, և՛ տակը դրված գումարն է քիչ: Այս պահին մենք և՛ ցուցանիշների վրա ենք աշխատում, որպեսզի ավելի շոշափելի լինի պացիենտի հետ աշխատանքը, մեզ համար վերահսկողությունը, և՛ ավելացրել ենք գումար, որ բուժաշխատողը տեսնի, որ իր աշխատանքը պատշաճ գնահատվել է և հենց այդ գումարային արժեքով:
Օրինակ՝ կարևորվելու է շարունակականությունը՝ ինչ եղավ պացիենտի հետ շաքարը կամ զարկերակային ճնշումը չափելուց, ռիսկը գնահատելուց ու այդ մասին նշում անելուց հետո:
Արտակ Ջումայան - Պիտի ինքը ուղղորդվի ներզատաբանի մոտ, թե սրտաբանի մոտ, պետք է ավել հետազոտություն անցնի, այսինքն՝ պացիենտի ճանապարհը ամբողջովին, զանգից մինչև ախտորոշումը, համապատասխան բուժում նշանակելը պետք է հսկվի առաջնային օղակի բժշկի կողմից, և այդ հսկողության արդյունքում ձևավորվելու է ցուցանիշ, և այդ ցուցանիշը բազմապատկվելու է արդեն գումարով:
Ակնկալվում է, որ այս խրախուսումն օգնելու է նաև նվազեցնելու անտեղի հոսպիտալացումները: Նախարարի տեղակալի խոսքով՝ այսօր շատ են դեպքերը, երբ կարելի էր հիվանդությունը բուժել պոլիկլինիկայում և չուղղորդել հիվանդանոց: Այդպիսով նաև գումարի տնտեսում կլինի, ինչն էլ կծախսվի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան