Երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու և նրանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձեռք բերած հիփոթեքի վարկային բեռը թեթևացնելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է երեք ծրագիր։
Ծրագրերից մեկի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Երեք ծրագրերից միայն այս մեկով՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով, 2022 թվականին աջակցություն է ստացել 1187 շահառու, վճարվել է շուրջ 1 մլրդ 215 մլն դրամ։
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝
երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը.
անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով.
դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը: