Միացյալ Նահանգները դրական նշան է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են համաձայնեցրել՝ ասել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: Նա հավելել է՝ դրական նշան է և այն, որ երկրները կարողացել են համաձայնության գալ հայտարարության հիմքում ընկած բուն խնդրի շուրջ։
«Արտգործնախարարները պայմանավորվել են ակտիվացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կազմակերպել: Նախարարները երախտագիտություն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ վաշինգտոնյան քննարկումները կազմակերպելու համար։ Հավատարիմ ենք Հարավային Կովկասում խաղաղությանը: Հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային դեր է խաղում առկա խնդիրները լուծելու և կայուն խաղաղության հասնելու հարցում»,- հայտարարել է Փրայսը և հավելել.
«ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես միջնորդ, Վաշինգտոնում հարթակ ենք տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին, սակայն չենք փորձում կամ ձգտում և նույնիսկ չենք կարող համաձայնագիր պարտադրել կողմերին: Մենք պարզապես տրամադրում ենք վայր և ստեղծում հնարավորություն, որ երկու երկրները հանդիպեն, հասկանան իրենց տարաձայնությունները, որոնք բավական շատ են, և փորձեն հարթել դրանք:
Վաշինգտոնը չի կարող սահմանել՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև կայուն խաղաղությունը: Մենք նրանց չենք ներկայացնում պատրաստի փաստաթուղթ, որը կարելի է ստորագրել: Անում ենք հնարավորը, որպեսզի դիվանագիտությունը գործի դրվի»: