Երեք ամիս տևած ՄԻՏՔ աքսելերացիոն ծրագրի ավարտին մի քանի տասնյակ գաղափարներից ընտրվել են 6-ը, ներկայացվել վենչուրային հիմնադրամներին ու ներդրողներին: Իսկ հաղթած թիմը ՄԻՏՔ-ից ստացել է 10 հազար դոլար դրամաշնորհ՝ զանգերի կենտրոնների` արհեստական բանականությամբ իրականացվող վերլուծությունները կատարելագործելու համար:
12 շաբաթ տևած M1TQ աքսելերացիոն ծրագիրը ավարտվեց ցուցադրական միջոցառմամբ, որի շրջանակում ստարտափները իրենց գաղափարները ներկայացրին վենչուրային կապիտալներին, միջազգային և տեղական ներդրողներին: Այս ծրագրի մեկնարկը տրվել էր մայիսին՝ հեքեթոնով. 187 մասնակից 50 գաղափար էր ներկայացրել: 50-ից 27-ի շուրջ ձևավորված թիմերը 48 ժամում իրենց ստարտափները ներկայացրել էին ժյուրիին:
Ասյա Մխիթարյան (M1TQ ծրագրի hաղորդակցության գծով պատասխանատու) - Հեքեթոնից հետո մենք ունեցանք 14 թիմ, ովքեր անցան աքսելերացիոն փուլ, և 3-4 ամիս տևած աքսելերացիոն փուլից հետո, որտեղ նրանք միջազգային մասնագետների կողմից ստացան փորձառություն և մենթորություն, մենք 7 ստարտափ այսօր արդեն դեմո օրվա ընթացքում ունենք:
Նախագիծը գործակցում է էստոնական Garage48 կազմակերպության հետ, որն ավելի քան 30 երկրում կազմակերպել է այսպիսի 200-ից ավելի միջոցառում: Համահիմնադիրը հույս ունի, որ այս նախագիծը լավ ընկերություններ հիմնելու սկիզբ կլինի:
Պրիիտ Սալումաա (Garage48-ի համահիմնադիր) - Կարծում եմ՝ Էստոնիան և Հայաստանը միասին ավելի շատ կաշխատեն, քանի որ, չնայած մեր տարբերությանը, կա մի քանի հատկանիշ, որով երկրները շատ նման են: Երկուսն էլ փոքր երկիր են, մենք նման պատմություն ունենք՝ Խորհրդային Միության հետ կապված, երկու երկրում էլ կարծում են, որ թվայնացումը աճ գրանցելու հիմնական ուղիներից է: Եվ քանի որ մենք արդեն անցել ենք որոշ փոփոխությունների փուլով, միգուցե կարողանանք աջակցել ձեզ այդ ճանապարհին: Վստահ եմ՝ կգա օրը, երբ դուք ավելի առաջ կլինեք Էստոնիայից:
Ծրագիր, որը ժեստերի լեզուն վերածում է տեքստի. մասնակիցներից Ալեքսանդր Արամյանը իրենց ստարտափն է ներկայացնում:
Ալեքսանդր Արամյան (ծրագրի մասնակից) - Մեր ծրագիրը հենց կայանում է խուլերի ժեստերի լեզվի սինքրոն թարգմանության մեջ: Ծրագիրը ներկայացնում է մի մոբայլ ծրագիր հեռախոսի համար, որը օգտագործելով վիդեոկամերա՝ տեսնում է ժեստերի լեզուն և ավտոմատ թարգմանում արդեն հասկանալի լեզվի: Մենք փորձում ենք բոլոր լեզուներով թարգմանել` հայերեն, ռուսերեն, անգլերեն:
3D տպիչով ստեղծված պրոթեզների պատյաններ, խելացի ստեղնաշար, խոսքից մարդու տրամադրությունը բացահայտող գործիք ու մեխանիզմ, որը տեքստը վերածում է Բրայլի շրիֆտի՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ժյուրիին ներկայանալու համար 7 ստարտափներից յուրաքանչյուրին ընդամենը մի քանի րոպե էր հատկացված.
Դավիթ Սահակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Եղել եմ նաև միջոցառման առաջին օրերին, տեսել եմ շատ հետաքրքիր ստարտափ նախագծեր: Հուսով եմ՝ հաջորդ անգամ ավելի շատ մասնակիցներ կունենանք: Պետք է ասեմ, որ առաջին անգամն է, որ այսպիսի աջակցության աքսելերացիոն ծրագիր ենք կազմակերպել: Բոլոր ստարտափները, որոնք մասնակցել են նախկին նախագծերին, հնարավորություն կունենան դիմելու նաև նախարարության դրամաշնորհային ծրագրին:
Գագիկ Թամազյան (MoodMap-ի ղեկավար) - Ստարտափը արհեստական բանականության հիման վրա առաջարկվող լուծում է զանգերի կենտրոնների համար: Այն վերլուծում է զրույցները, հասկանում և տարանջատում է չստացվածները, նաև դրանց պատճառները, ապա համեմատում ստացված զրույցների հետ և ներկայացնում տարբերությունը:
Հենց այս ստարտափն էլ հաղթող ճանաչվեց ու M1TQ նախագծից ստացավ 10 հազար դոլար դրամաշնորհ: Իսկ մյուս ստարտափների մի մասը նախագծի գործընկերներից ստանալու է մարքեթինգային, հարկային և իրավաբանական խորհրդատվություն, նաև՝ բրենդինգային ծառայություն:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան