Հայաստանից Եվրոպա մեկնելն ավելի հեշտ կլինի. մեր երկիրը միանում է Եվրամիության ընդհանուր ավիացիոն գոտուն: Հայաստանի, Եվրոպական միության ու անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը միջազգային փաստաթուղթը ներկայացնելիս ընդգծում է՝ այն բխում է Հայաստանի որդեգրած բաց երկնքի ու համաշխարհային ավիացիոն շուկային ինտեգրվելու քաղաքականությունից։
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը։ Դա նաև ուղիղ ճանապարհ է, որպեսզի մենք ընդունենք ԵՄ ավիացիոն միացյալ ստանդարտները, կիրառենք կանոններն ու զարգացնենք համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:
Կառավարությունն ակնկալում է, որ համաձայնագիրը կնպաստի նաև առևտրի, զբոսաշրջության, ներդրումների ու ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը։ ԵՄ անդամ և Արևելյան գործընկերության պայմանագրի անդամ երկրների միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցությունները մեկնարկել էին դեռ 2017 թ. մարտին։ Բայց Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքմանը ԵՄ խորհուրդը հավանություն տվեց 2021 թ. հունիսին, իսկ բուն ստորագրման արարողությունը 2021-ի նոյեմբերի 15-ին էր՝ Բրյուսելում:
ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Կառավարության հեղինակած օրինագծով էլ էլեկտրաէներգետիկական համակարգում կներդրվի նոր` հաշվեկշռման ծառայություն: Թե ինչու և ինչով է այն կարևոր՝ ներկայացնում է կրկին Վաչե Տերտերյանը:
«Հաշվեկշռման ծառայությունն անհրաժեշտ է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի չափաքանակները հաշվառելու, իսկ հնարավոր շեղումների առաջացման դեպքում` շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով»,- նշում է կառավարությունը, հաշվեկշռողի դերում տեսնում է Երևանի ՋԷԿ-ը։
Վաչե Տերտերյան - Որովհետև միայն դա է, որ իր հզորություններով, արագ արձագանքման տեխնիկական հնարավորություններով ու ինքնարժեքի գնային սպեկտրով ընդհանուր հարմար է այս ծառայությունների մատուցման համար: Կարգավորող օպերատորը կորոշի, թե գերարտադրության դեպքում որտեղ է տեխնիկապես ավելի հեշտ նվազեցնել արտադրությունը և կանջատի, որպեսզի ավելցուկ չառաջանա։ Եթե դա հեշտ չի լինի անել, ապա հաշվեկշռող մարմինն իր վրա կվերցնի ծանրաբեռնվածությունը` իր արտադրությունը համարժեք չափով նվազեցնելով:
Նման անհրաժեշտության դեպքում արտադրության կրճատման պատճառով ընկերությունները վնասներ չեն կրի, քանի որ օրենքով սակագների հաշվարկման հատուկ ալգորիթմ է սահմանված՝ ընդգծում է Տերտերյանը` միաժամանակ չբացառելով, որ շուկայի զարգացմանը զուգահեռ հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերությունը կարող է փոխվել։
Այս նախագծով կանոնակարգվել է նաև էլեկտրամոբիլների և էլեկտրական քարշակային ագրեգատորներ ունեցող տրանսպորտային միջոցների լիցքավորումը: Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունները կդիտվեն որպես էլեկտրաէներգիայի սպառողներ և ոչ թե վերավաճառողներ։ Փոխնախարարի խոսքով` կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։
ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն նաև գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները: Մանրամասները հանձնաժողովականներին ներկայացնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Դասակարգվել են գեոդեզիական և քարտեզագրական համապատասխան ֆոնդերը: Ներկայում պրակտիկայում գործում են տարածական տվյալների ստեղծման և օգտագործման չկարգավորված հարաբերություններ, ինչն էլ դարձել է պատճառ նախագծերի փաթեթի մշակման համար, որոնք միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտները:
Օրենսդրական փաթեթով կսահմանվեն վճարների այն տեսակները, որոնք գանձվելու են պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար: Սահմանվելու է նաև վճարների նոր՝ 12 տեսակ, որոնց դրույքաչափերը տատանվում են 1000-ից մինչև 80.000 դրամի սահմաններում:
Սուրեն Թովմասյան - Տարածական տվյալները ստրատեգիկ են, տվյալներ կան, որ պետք է վճարովի լինեն, պաշտոնական տեղեկությունը պետք է որոշակի արժեք ունենան, համակարգը թարմ պահելու համար, այդ գումարը ուղղվելու է այդ համակարգերը թարմացնելու համար միայն:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում:
Գործող կարգավորումներով անշարժ գույքի բաժանման կամ նոր միավորի առաջացման դեպքում կատարվում է իրավունքի պետական գրանցում: Պարտադիր պահանջ է հասցեի որոշման ներկայացումը: Մինչդեռ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ հասցեի որոշման ներկայացումը կրում է տեխնիկական բնույթ, կատարվում մի շարք գործողություններ:
Նոր կարգավորումներով այս գործողություններն առաջարկվում է իրականացնել ընդամենը մեկ դիմումով:
Շենքեր, շինություններ առանց թույլտվության քանդելու, ապամոնտաժելու համար էլ առաջիկայում կսահմանվի տուգանք: Հանձնաժողովը հավանություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված այս օրինագծին ևս:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան