Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված ««էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ամրագրումն է:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հավաստմամբ առաջարկվում է օրենքով սահմանել հաշվեկշռման ծառայությունը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց և ծառայության մատուցման սկզբունքները:
Օրենքի նախագծով տրվել է նաև «հաշվեկշռող էլեկտրաէներգիա» հասկացության սահմանումը, ամրագրվել է էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը, որն իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով:
«Հաշվեկշռման ծառայության ներդրումը հնարավորություն կտա համակարգի շեղումներն ու տատանումները կարգավորել տվյալ սեփականատիրոջ կողմից էլեկտրաէներգիայի արտադրության նվազեցման արդյունքում»,- ասել է Վաչե Տերտերյանը:
Պատասխանելով տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ էլեկտրամոբիլներին էլեկտրաէներգիա չի վաճառվելու, այլ ծառայություն է մատուցվելու, ինչի համար անհրաժեշտ է վճարել:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ էներգիայի կուտակման վերաբերյալ հարցի առնչությամբ Վաչե Տերտերյանը փաստել է, որ էներգիայի կուտակման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Ըստ փոխնախարարի՝ էլեկտրաէներգիայի կուտակումն առաջիկայում կդառնա առանձին բիզնես:
Հանձնաժողովականները քննարկման արդյունքում օրինագծին տվել են դրական եզրակացություն:
Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում: