Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի մասնակցությամբ:
«Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում Է ՌԴ ԱԽ հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը:
«Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեման, ինչպես նաև երկու երկրների ներքին գործերին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են Ռուսաստանի և Իրանի տնտեսական ներուժի զարգացման և պատժամիջոցների ճնշման պայմաններում արտաքին առևտրային հարաբերությունների կառուցման գործում փորձի փոխանակման մեծացման կարևորությունը։
Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ասպարեզում ռուս-իրանական համագործակցության զարգացմանը։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև միջազգային մի շարք խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի հարցերով։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ավելի ընդլայնելու ռուս-իրանական երկխոսությունն անվտանգության խորհուրդների մակարդակում։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան