Թարմացված ներկը Սարալանջի խճուղում է․ մի քանի օր է, ավելի ճիշտ՝ գիշեր, Երևանում մեկնարկել է փողոցների գծանշման երկրորդ փուլը։ Նախատեսվում է նորացնել գարնանը ներկածի մոտ 40 տոկոսը՝ ջնջված-մաքրված միջինը 600 հազար գծամետր հատված։ Մարդիկ չափազանցում են, երբ դժգոհում են, թե «վարպետների կավիճի հետ ներկն էլ է անցնում»՝ ասում է քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուն։
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Կառավարության որոշումն ասում է՝ ներկով կատարված գծանշումը պետք ա համապատասխանի տեսանելիությանը 6 ամիս:
Ներկի որակն այս տարի կասկածի տակ դրեց ընդհուպ քաղաքապետը՝ գարնանը կատարված գծանշումներից անմիջապես հետո։
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Գծանշումները տենց գծում են, տենց բան ա ՝ ցնդող գրիչ ա լինում՝ որ գրում ես, ինչ-որ ժամանակ հետո չի լինում: Խանջյանի վրա երեք շաբաթ առաջ գծանշում ենք արել, հիմա գծանշում չկա:
Խանջյանի խոտանը, փորձաքննությունը ցույց է տվել, ներկի հետ չէր կապված, այնպես որ աշխատանքն իրականացնելու մրցույթը շահած երեք ընկերությունից ոչ մեկի հետ պայմանագիրը չի խզվել, բոլորն էլ շարունակում են աշխատել ամիսներ անց՝ փակագծեր է բացում Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյան - Մենք մի քիչ մտածում էինք ներկի որակի հետ կապված, այսինքն՝ թերություններ էինք հայտնաբերել մի քանի տեղ, թերությունները վերացվեցին, ներկի որակը համապատասխանում է սերտիֆիկատներով, ամեն ինչով, աշխատանքը շարունակվեց:
Ըստ Սարգսյանի՝ պարզվել էր՝ սարքն էր վատ տպել, ուստի կազմակերպությունն իր փողով կրկնակի գծանշում էր արել։ Խանջյանի բուն երթևեկելի հատվածում հիմա միջին վիճակ է, ինչը չի կարելի ասել փողոցից այլ ուղղություններ մտնող-դուրս եկող, օրինակ՝ այս հետիոտնային անցումի մասին։ Տվյալ հատվածում մեր հարցմանը մասնակցած վարորդներից ներկը հրատապ թարմացնելու պահանջ առաջ քաշեց միայն Մոսկվայի վառ գծանշումներին վարժված մեր հայրենակիցը։
Ի դեպ, սա առաջին տարին է, որ Երևանում գծանշումների կազմակերպումը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել է քաղաքային իշխանությանը։ Սեզոնային այս թարմացման պլանում ամենաբանուկ, կենտրոնական պողոտաներն ու փողոցներն են, նաև՝ ժամանակից շուտ շատ ջնջվածները։ Այնտեղ, որ գործ է արվելու, որակի խնդիր չի լինի՝ վստահեցնում են քաղաքապետարանից։
Հայկ Սարգսյան - Չեն ցնդելու, գծանշումները հա կարող ենք խոստանալ, բայց կան շատ բաներ, որ ազդում են գծանշման վրա, օրինակ՝ օդի աղտոտվածությունը, վարորդները որ ամռանը վարում են ձմեռային անվադողերով:
Որ կեղտը ներկի մեջ չմտնի-մնա, պետք է փողոցների լվանալու, ոչ թե ցողելու հարց լուծել՝ նկատում է Հայկ Սարգսյանը։ Վարորդներին տեղեկացնում՝ գծանշման այս փուլում Երևանի խցանումները թեթևացնելու նպատակով ոստիկանների խաչմերուկներում նկարած «վաֆլիները» չեն թարմացնի։
Հայկ Սարգսյան- Ոչ մեկը չէր նայում, բոլորն էլ գնում էին, ու էդ լուրջ խնդիրներ էր առաջացնում, չաշխատել, իսկ բոլորին տուգանելը՝ էդ էլ երևի ճիշտ չէր:
«Վաֆլիների» ճակատագիրը հետո կհստակեցվի։ Առաջիկա նորությունը լինելու է Խանջյան ու Աթենքի փողոցներում, որտեղ ավելի դիմացկուն ու թանկ համարվող թերմոպլաստիկ և սառը գծանշումով, վարորդների ասած՝ դռդռիկի են անցնելու։ Ձայնային, սովորական ու ապակու փոշով կատարվող ամբողջ գործը նախատեսված է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։