Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և նույն ենթապատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։
«Երախտագիտություն հայտնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնելու համար, ներկայացրի ադրբեջանական վերջին հրետակոծությունից տուժած բնակավայրերում այս պահին տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները՝ նշելով, որ այս պահին մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերում աշխատանքներ են իրականացնում նաև ԵՄ առաքելության դիտորդական և փաստահավաք խմբերը, որոնց ներկայության շնորհիվ սահմանային հատվածներում հակառակորդի ագրեսիվ գործողությունների պասիվություն է նկատվում։
Անդրադարձ կատարվեց նաև Վարդենիսի որոշ բնակավայրերից տեղահանվածների վերադարձի, որոշ ընտանիքների բնակարանային խնդիրների, նրանց ժամանակավոր կացարաններով ապահովելու, ՀՀ Կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերած աջակցության, անվտանգային խնդիրներից ելնելով նշված բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ոչ լիարժեք իրականացման, հակառակորդի կողմից գյուղտեխնիկայի ոչնչացման և առևանգման, սահմանային բնակավայրերում տիրող այլ իրավիճակների, որոնց կարգավորումը անհրաժեշտ և հրատապ է։
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի՝ Կարմիր խաչը նախատեսում է վերջին հրետակոծությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տուժած որոշ բնակավայրերի բնակիչների ցուցաբերել ֆինանսական աջակցություն և մեկ բնակավայրի որոշ տնտեսությունների հրետակոծության հետևանքով վնասված ջրատաքացուցիչները փոխարինել նորով։
Քննարկման փուլում է երկու բնակավայրի համար շարժական բուժկետի տրամադրման, դիահերձարաններին համապատասխան սարքավորումների և կահույքի տրամադրման, բնակավայրերի վնասված ջրագծերի վերականգնման նպատակով նախագծային աշխատանքների ֆինանսավորման, արտակարգ իրավիճակների մասնագետների վերապատրաստմանն ուղղված ծրագրերը։
Գեղարքունիքի մարզպետարանն էլ իր հերթին Կարմիր խաչին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, ինչը կնպաստի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերում իրականացվող ծրագրերի հասցեական և նպատակային լինելուն»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: