ՀՀ-ում ծնված, սակայն մինչև 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ:
Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը և պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի և ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը, ներկայացուցիչներ Կառավարությունից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՄԻՊ-ից, Միգրացիոն ծառայությունից, ազգային փոքրամասնությունից:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, բարձրաձայնելով խնդիրը, ցանկություն են հայտնել, որ հայերի համար սահմանված ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը կիրառվի նաև իրենց համար:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանի խոսքով ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը սահմանված է միայն ազգությամբ հայերի համար:
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն անդրադարձել են հարցին ազգային անվտանգության տեսանկյունից:
Վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը բարձրացված հարցի լուծման վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկները: Ըստ այդմ՝ փոփոխություններ է առաջարկվում կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում և թույլատրել ազգությամբ ոչ հայ անձանց պարզեցված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Կարգավորումը կվերաբերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծնվածներին, եթե վերջիններս ունեն կացության կարգավիճակ կամ նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, կամ էլ ծնվել են ՀՀ-ում:
Քննարկմանը կարևորվել է նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը: Կարծիք է հնչել, որ հարցը կարելի է կարգավորել հենց այդ օրենքով ևս:
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկները մանրամասն ուսումնասիրելու և հարցին լուծման տարբերակներով վերստին անդրադառնալու պատրաստակամություն է հայտնել: