Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։
Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը:
Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը:
Նա նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է երիտասարդների ինքնիրացման համար նոր հնարավորություններ ստեղծելու, նրանց կարողությունները զարգացնելու նպատակով. «Մեր նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել գրագետ հասարակություն, որը կծառայի նաև պետության զարգացմանը»:
Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն:
Քննարկման ընթացքում կարևորվել են հատկապես մարզերում իրականացվող ծրագրերը՝ երիտասարդների զբաղվածության ապահովման, կրթության իրավունքի իրացման առաջնահերթությունների շեշտադրմամբ:
Հյուրերը բարձրաձայնել են երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին և ընձեռած հնարավորություններին:
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. երիտասարդական մայրաքաղաք Հրազդան: