Աշխարհը շարունակում է պայքարել գնաճի դեմ: Վերջին օրերին թե՛ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը և թե՛ Անգլիայի բանկը բարձրացրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ԱՄՆ-ն՝ ընթացիկ տարում արդեն չորրորդ անգամ, յուրաքանչյուրը՝ 0.75 տոկոսային կետով: Այժմ այն 3.75-4 տոկոսի միջակայքում է: Սա ամենաբարձր մակարդակն է 2008 թվականից ի վեր: 2 տոկոս գնաճային թիրախ ունեցող երկրում թանկացումները նախատեսվածից 4 անգամ ավելի են: Միացյալ Թագավորությունը ևս 0.75 տոկոսով բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 3 տոկոսի, 1989 թվականից ի վեր նման ագրեսիվ բարձրացում չէր արվել:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ներկայում աշխարհի կենտրոնական բանկերը փորձում են փողի առաջարկի զսպմամբ, այսինքն` իրենց տարաբնույթ գործիքների կիրառմամբ, հասնել նրան, որ տնտեսությունում լրացուցիչ պահանջարկը զսպվի, դրա արդյունքում նաև գնաճային սպասումները և ապագա գնաճը զսպվեն: Այսօրվա գործողությունները իրենց ազդեցությունը ունենալու են, թերևս, մյուս տարվա ընթացքում:
Հայաստանի կենտրոնական բանկն էլ օրեր առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0.5 տոկոսով` այն հասցնելով 10.5-ի: Գլխավոր դրամատան համար կանխատեսելի էր Դաշնային պահուստային համակարգի բարձրացումը:
Հայկ Ավետիսյան (ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ) - Առաջատար երկրների դրամավարկային քաղաքականությունները մեր միջազգային կապիտալի շուկաների համար շատ կարևոր դերակատարություն ունեն: Ե՛վ Դաշնային պահուստային համակարգը, և՛ բոլոր զարգացած երկրների, նաև զարգացող երկրների կենտրոնական բանկերը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ իրենց պայքարը գնաճի դեմ է:
Մասնագետների գնահատմամբ` Հայաստանում ապրանքների պահանջարկը սկսել է աճել օտարերկրացիների մեծ հոսքով պայմանավորված:
Նարեկ Կարապետյան - Որքան էլ որ ԿԲ-ն փորձի ներքին պահանջարկը սահմանափակել, արտաքին պահանջարկը մեր տնտեսությունում գները բարձրացնում է, խոսքը ծառայությունների գների մասին է, անշարժ գույքի գների մասին է, այսինքն` այս տեսակետից ԿԲ-ն չի կարող չեզոքացնել արտաքին պահանջարկի ազդեցությունները, և իր վարած այս քաղաքականության արդյունքները ևս տեսանելի կլինեն այն դեպքում, որ այս արտաքին գործոնները չեզոքացված լինեն, և մնան միայն ներքին գործոնները:
Մասնագետները վստահ են՝ տոկոսադրույքների խստացման քաղաքականությունը աշխարհում դեռ կպահպանվի, իսկ դրանց ազդեցությունը գների վրա նկատելի կլինի որոշակի ժամանակ անց միայն:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան